Friday, May 19, 2023

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

 ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Շատ շատերը իշխանափոխության հասնելու համար փողոցային պայքարից բացի ուրիշ միջոց դեռ չեն պատկերացնում։ Սիրելիներս, փողոցային պայքարը արդյունավետ է միայն այն ժամանակ, երբ գաղափարական հեղափոխությունն իր ավարտին է հասել՝ երբ մարդկանց մեծամասնությունն ընդունել է գաղափարն ու իշխանափոխության անհրաժեշտությունը։ 

Փողոցային պայքարով անհնար է առաջ տանել գաղափարական հեղափոխությունը։  Երթերն ու ցույցերը արդյունավետ են միայն իշխանություններին ժողովրդի բողոքի ձայնը կամ առաջարկությունները հասցնելու համար, կամ իշխանություններին նախազգուշացնելու համար, որ գործադուլներ կլինեն, եթե կառավարությունն այս կամ այն որոշումն ընդունվի և այլն։

Գաղափարական հեղափոխությունը մշտապես առաջ է գնացել գաղափարը տարածելով։ Այն որպես կանոն, սկսվում է մեկ անհատից՝ գաղափարակրից։ Գաղափարը ծագում է միայն մեկ անհատի գլխում, որպես հայտնություն ի վերուստ, կամ որպես անձնական մտավոր մաքառումների արդյունք։ Ինչպես ուզում եք ընդունեք։ Հետո գաղափարակիրը գրի է առնում իր գաղափարները, տպագրում ու տարածում։ Ովքեր ծանոթանում և ընդունում են գաղափարակրի վերլուծությունները, մտքերն ու լուծումները, դառնում են գաղափարի կրող և սերմանող։ Ու այդպես շարունակ գաղափարը տարածվում է մեկից մյուսը, վարակում նրանց ու դարձնում գաղափարի աղբյուր, լույս մնացած բոլորի համար։ Որքան շատ մարդ է ընդունում գաղափարը, ապա այնքան մեծանում է գաղափարի ուժը, հետևաբար այնքան արագ է ընդունվում մյուսների կողմից։ Իշխանափոխության պահը հասունանում է այն ժամանակ, երբ հասարակության մեծամասնությունն ընդունած է լինում գաղափարը։

Անկախ նրանից թե որքան արտառոց է գաղափարը, տարածման ճանապարհը նույնն է։ Նույնն է նաև իշխանափոխության համար անհրաժեշտ մարդկանց տոկոսի արտիճանը։

Օրինակ՝ սոցիալիստական, հետագայում մարքսիստական գաղափարների տարածման գործընթացը Թոմաս Մորից սկսած տևեց համարյա հինգ դար։ Միայն դրանից հետո հնարավոր եղավ 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունը, ընդ որում՝ մեկ գիշերվա ընթացքում։ Փաստորեն մեկ գիշերվա ընթացքում իշխանափոխություն իրականացնելուն նախորդել է հինգ հարյուրամյա գաղափարական հեղափոխությունը։ Գաղափարական հեղափոխությունն ընթանում է անձայն, ծածուկ, շշուկով, տեղեկատվության գաղտնի տարածումով, անձնական զրույցների ու քննարկումների միջոցով և այլն։

Ներկայիս 21-րդ դարում այս ամենին ավելացել է ամենահզոր հաղորդակցության միջոցը՝ համացանցը։ Ովքեր կարծում են, թե համացանցը միայն զվարճանալու միջոց է և իշխանափոխության համար դեռ ապավինում են փողոցային պայքարին, ապա նման են թուր կեծակին թողած, ժանգոտ թրով կռվի ելած պատանի Սասունցի Դավիթին։ Պառավն իհարկե միանգամից հասկանում է, որ նման թրով Դավիթը երբեք չի հաղթի ոչ մեկին և հորդորում է գնալ ու ձեռք բերել թուր կեծակին։

Համացանցը մեր թուր կեծակին է։ Կայծակից էլ արագ կարող է հասնել աշխարհի ցանկացած անկյուն, որտեղ համացանցային կապ և համակարգիչ կա։ Ավելի հզոր ու գերարագ միջոց դեռ չկա։ Պարզապես անխոհեմություն է, թուր կեծակին թողած, շարունակել ձեռք մեկնել ժանգոտ թրին։

Գաղափարներ տարածելու համար ավելի լավ գործիք մինչ այժմ չի եղել։ Նրանք, ովքեր համացանցն օգտագործում են սեփական բարեմասնություններն ու նվաճումները ցուցադրելու համար, նման են նրան, ով թուր կեծակին ձեռքում եղունգներն է սրում։ 

Եթե իսկապես անհանգստաած եք երկրի ճակատագրով, ապա օգտագործեք թուր կեծակին գաղափարական հեղափոխությունն առաջ տանելու համար։ Եղունգ սրելով զբաղված, տանուլ եք տալու երկիրն ու ձեր ամբողջ ունեվածքը, դառնաք տարագիր, ասիմիլացվեք ու կորեք։

Ինչ վերաբերում է նրան, թե ժամանակ չկա և այլն, ապա իհարկե ճիշտ եք՝ ժամանակ արդեն չկա։ Սակայն մի մոռացեք, որ գաղափարի և համացանցի միջոցով գաղափարական հեղափոխությունն առաջ տանելու մասին շատ վաղուց եմ ասում։ 2010 թվականից ի վեր նաև օրինակ եմ ցույց տալիս։ Իսկ դուք բավարարվում եք նրանով, որ գաղափարական հեղափոխությունն առաջ տանող կա ու ոչինչ չեք անում։ Բազմիցս հիշեցրել եմ, որ «ֆեյսբուքը» հեռուստացույց չէ։ Գրածս մտքերը անմիջապես բոլորի հեռուստաէկրաններին չեն հայտնվում։ Հարկավոր է, որ բոլոր նրանք ովքեր ընդունում են գաղափարներս, տարածեն իրենց էջերում և բոլոր հնարավոր խմբերում, որպեսզի հնարավորինս շատերին հասնեն գաղափարներս։ Ցավոք իմ 13 տարվա գործունեությունը դեռ աննկատ է մնացել շատ շատերի համար և արգելակվել է գաղափարական հեղափոխությունը։ Սիրելիներս, մենք հինգ հարյուր տարի ժամանակ չունենք։ Թշնամին մեր սահմաններից ներս է մտել։ Նա նաև մեր երկրի ներսում է։ Գրավել է բոլոր իշխանական լծակներն ու մաս-մաս կտրտում ու օտարում է մեր հողերը։ Պետք է շտապել՝ օգտագործել համացանցը կայծակնային արագությամբ առաջ տանելու գաղափարական հեղափոխությունը։

Ի՞նչ անել։ Ասել եմ մի քանի անգամ։ Ձեր էջերում ամեն օր հայտարարեք միապետության գաղափարի հետ ձեր համաձայնության մասին։ Կարիք չկա բացատրություններ տալ, հատկապես երբ չեն հարցնում։ Ձեր ամենօրյա հայտարարությունները այն մասին, որ ընդունում եք գաղափարը, կստիպի մյուներին ևս ընդունել։ Կարիք չկա բացատրել։ Եթե շատերն ընդունեն, ապա մյուս բոլորը ևս կընդունեն, թեկուզ առանց հասկանալու։ Նրանց հասկանալը կարևոր չէ։ Մարդկանց մեծամասնությունը երբեք ոչինչ չի հասկանում։ Պարզապես անում է այն, ինչ շատերն են անում, ասում է այն ինչ շատերն են ասում, հավատում է նրան, ինչին շատերն են հավատում, ընդունում է այն, ինչ շատենր են ընդունում։

Տարածեք գաղափարը, ինչպես ասացի։ Երբ մարդկանց մեծամասնությունն ընդունի գաղափարը, ապա կարելի է անցնել իշխանափոխության փուլին։ 

Միշտ հիշեք՝ կարիք չկա բղավել գաղափարի մասին, հորդորել մարդկանց կամ ստիպել։ Շշուկով ասվածի ուժն ավելի մեծ է։ 

©դավիթ Միրզոյան. 09 Ապրիլ, 2023թ.

No comments:

Post a Comment