Friday, May 19, 2023

ՔԱՂՑԿԵՂ

 ՔԱՂՑԿԵՂ

Վերջերս գիտնականները բացահայտել են, որ քաղցկեղի բջիջները ոչնչով չեն տարբերվում միլիոնավոր տարիներ առաջ սկիզբ առած միաբջիջ նախակենդանիներից։ Տրամաբանական է, իհարկե, քանի որ մարդու բջիջները առաջ են եկել, զարգանալով հենց այդ նույն նախապատմական նախակենդանիներից։ Փաստորեն՝ քաղցկեղը ագրեսիվ նախակենդանիների կույտ  է, կամ ոհմակ, որը խժռում է մարդու ավելի բարձրակարգ բջիջները և տարածվում ամբողջ մարմնով մեկ, ի վերջո ոչնչացնելով այն։ Ակնհայտ է, որ քաղցկեղի բջիջը առաջանում է, այսպես կոչված, «հետընթաց էվոլյուցիայի» հետևանքով, անդադար ընթացող մուտացիաների արդյունքում։ Եթե մարդու մարմնի «առաջընթաց էվոլյուցիայի» հետևանքով առաջացած բջիջները գործում են միմյանց հետ համագործակցության սկզբունքով, ապա քաղցկեղի պարզունակ և նախակենդանիներից չտարբերվող բջիջները գործում են մրցակցության սկզբունքով և խժռում ու ոչնչացնում են իրենցից տարբեր քաղաքակիրթ բջիջներին։

Ընդհանրապես քաղաքակիրթ բջիջները վայրենի նախակենդանիներից տարբերվում են իրենց ներհատուկ զսպաշապիկով։ Այսինքն քաղաքակիրթ բջիջը իր գենի մեջ ունի իր կենդանական մրցակցային բնույթը զսպող մեխանիզմ։ Քաղաքակիրթ բջիջը ավելի զարգացած, ավելի բարդ, ավելի հարուստ կառուցվածք ունի, քան պարզունակ ու արնախում քաղցկեղի բջիջը։

Այս բացահայտումը զարմանալիորեն (գուցեև ոչ) ճշգրիտ կերպով համընկնում է մարդկանց հասարակության վերաբերյալ իմ կատարած դիտարկումների ու եզրահանգումների հետ, մասնավորապես՝ որ ժամանակի ընթացքում, էվոլյուցիոն գործընթացների արդյունքում անխուսափելիորեն առաջանում են հետընթաց մուտացիայի արդյունք հանդիսացող ստորակարգ արարածներ՝ խոտան՝ հանցամիտ, հանցագործ և կոռումպացված, ճղճիմ, մանրախնդիր, գիշատիչ, գռեհիկ և խուժան, կամ Նժդեհի բնութագրմամբ՝ անհայրենիք տականք, որի միակ նպատակը լափելն ու լփռվելն է։ Անհայրենիք ու հանցագործ տականքը, ցավոք, չափազանց դիմացկուն է, վնասատու և, իհարկե, որևէ մարդկային արժեքից զուրկ։

Բարեբախտաբար, մարդու օրգանիզմում ստորակարգ նախակենդանիներին անդադար սատկացնող մեխանիզմ կա։ Դա մարդու իմունային համակարգն է՝ էրիտրոցիտների, մակրոֆագների բանակը և այլն, բայց նախևառաջ՝ նախակենդանիներին բացահայտող հետախույզների ջոկատները։ Հետախույզները բացահայտում են ու ձերբակալում նախակենդանիներին, հետո վրա են հասնում սատկացնողները, և վերջ նախակենդանուն։ Այդպիսով մարդու իմունային համակարգը իր անդադար աշխատանքով փրկում է օրգանիզմը կործանումից։

Նույն բանը սովորաբար կատարվում է, կամ պետք է որ կատարվի մարդկանց հասարակության մեջ։ Պետք է լինեն բացահայտողներ և սատկացնողներ։ Եվ տականքը այլևս չի կարող մեծ վնաս պատճառել ու կործանել երկիրը։

Բայց երբ անբարենպաստ պայմանները շատ երկար են տևում, և մարդու որգանիզմի իմունային համակարգը թուլանում է, ապա չի կարողանում հայտնաբերել ու ոչնչացնել բոլոր նախակենդանիներին։ Ոչնչաչնում է միայն ամենաթույլերին։ Հետևաբար մնում ու բազմանում են ամենաուժեղ տականքները։ Իսկ երբ դրանց թիվն ու ոհմակի չափերը գնալով մեծանում են, ապա իմունային համակարգի գործն ավելի է ծանրանում։ Ի վերջո կարիք է առաջանում վիրահատական ճանապարհով կտրել ու հեռացնել ուռուցքը՝ նախակենդանիների ոհմակը։ Բայց երբ բանը բանից անցել է և նախակենդանիները տարածվել ու հասել են մարմնի ամեն ծակ ու ծուկ, գրավել են նաև գլուխը, ապա մարդու օրգանիզմի իմունային համակարգն արդեն անզոր է որևէ բան անել։ Նման դեպքերում միակ տարբերակը քիմիոթերապիան է կամ ռադիացիան, կամ այլ կերպ ասած, այրել մարմինը թունավոր նյութերով և ռադիացիայով։ Անշուշտ քիմիոթերապիայի կամ ռադիացիայի հետևանքով մահանում են նաև քաղաքակիրթ բջիջները, սակայն բարձիթողի վիճակում հայտնված մարմնի համար դա ժամանակակից բժշկության ունեցած թերևս միակ միջոցն է։ Իսկ երբ մետաստազները այնքան են շատացել որ քաղաքակիրթ բջիջ համարյա չի մնացել, ապա միակ ելքը մարմնի մահն է։ Սակայն նման մարմինը չի կարելի թողնել առանց այրելու, այլապես կապականվի հողն ու ջուրը և այլն։ (Հուսով եմ ոմանք արդեն հասկացան, թե ուր են տանում մտքերս։ Ահավոր է խոստովանելը, սակայն գուցե մեծն Տիեզերքը, կամ Աստված որոշել է...)

Մարդկանց հասարակության դեպքում ճիշտ նույն բանն է կատարվում։ Հետևաբար զարմանալու չէ, որ չենք կարողանում ապաքինվել։ Չկա իմունային համակարգ։ Տականքը շատ վաղուց արդեն խմբավորվել է թաղային-մաղային և մյուս բոլոր մակարդակներում, կուսակցություններ է կազմել, միություններ, դաշինքներ և այլն, գրավել է բոլոր իշխանական լծակները, կամ այլ կերպ ասած, գլխի ձև է ընդունել և խժռում է ամբողջ օրգանիզմը։ Մեր դեպքում սակայն օրգանիզմ արդեն չի էլ մնացել, բացի հատ ու կենտ քաղաքակիրթ բջիջներից, որոնք ցավոք արդեն ոչ մի եղանակ չեն որոշում։ 

Բայց գուցե սխալվում եմ։ Գուցե շատ եմ խտացնում գույները։ Ինչ արած... մարդը չափազանցնելու, անգամ գռոտեսկ համեմատությունների և նկարագրությունների հակում ունի, իր ուղերձը ավելի խորը տեղ հասցնելու համար։

Հուսով եմ մետաստազները այնքան շատ չեն, որքան կարծում եմ։ Հուսով եմ դեռ կարելի է շտկել ամեն ինչ։ Գուցեև դեռ կա իմունային համակարգի բավարար բանակ։ Գուցե հարկավոր է պարզապես ուշքի բերել իմունային բանակի զինվորներին, նրանց հիշեցնելով իրենց առաքելությունը, միաժամանակ զինելով նրանց համապատասխան հրահանգների ցուցակով։ Դա, ինչպես միշտ եմ ասել, ազգային ուսմունքն է իր արժեքների, հիմնարար դրույթների, անելիքների ու նպատակների շարադրանքով։

Ժամանակակից աշխարհում պաշտոնական բժշկության մոտեցմանը զուգահեռ որոշ կլինիկաներ քաղցկեղի դեմ պայքարելու համար ներկայումս կիրառում են իմունոթերապիան, այսինքն բարձրացնում են հիվանդի իմունային բջիջների ակտիվությունն ու քանակը և քաղցկեղը սկսում է նահանջել։ 

Փաստորեն անհրաժեշտ է տարածել ազգային ուսմունքը, որպեսզի այն հասնի դեռ պահպանված բոլոր քաղաքակիրթ բջիջներին ու գործի դնի նրանց։ Եվ քաղցկեղը կանհետանա։

©Դավիթ Միրզոյան. 13 Հունվար 2023թ.

No comments:

Post a Comment