Friday, May 19, 2023

ԴԱՐՁՅԱԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 ԴԱՐՁՅԱԼ ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ստիպված եմ մեկ անգամ ևս գրել միապետության մասին, քանի որ շատերը դեռ ոչինչ չեն հասկանում։ Դեմ են հատկապես միապետության ժառանգականության բնույթին։ Միան ծիծաղել կարելի է։ 21-րդ դարի հանճարները   մի ինչ-որ կիբեռնետիկ հնարքով միապետությունը կարողանում են անջատել նրան ներհատուկ ժառանգական բնույթից։

Բոլորին՝ միապետությունը չի կարող ժառանգական չլինել։ Ժառանգականությունը միապետության բնույթի անքակտելի մասն է։

Ու հենց իշխանության ժառանգականության անհրաժեշտությունն է մեր ազգային ճգնաժամից դուրս գալու իմ առաջարկած լուծումի մեխը։ Եթե իշխանությունը ժառանգական չլինի, ապա երկրի ղեկավարը կկողոպտի երկիրը, երկրից հեռանալու և դրսում իր ընտանիքի ու սերունդների համար հարմարավետ կյանք ապահովելու համար։ Ինչը որ արել ու անում են մեր երկրի բոլոր ժամանակավոր կառավարիչները։

Դեմոկրատիային ներհատուկ ժամանակվոր կառավարիչների ինստիտուտն է կոռուպցիայի նախապայմանը։ Ցանկացած ժամանակավոր կառավարիչ պարտադրելու է իր ենթականերին կողոպտել երկիրը, գումարներն իրեն հասցնելու համար։ 

Շատերն էլ հարցնում են թե ինչպես են ընտրելու Համայն Հայոց Արքային։ Նախ՝ պետք է նկատեմ, որ ժողովուրդը երբեք ճիշտ ընտրություն կատարելու ունակ չի եղել ու այսուհետև էլ չի լինելու։ Ասածս վերաբերում է ոչ միայն մեր ժողովրդին, այլ նաև աշխարհի անուսմունք մյուս բոլոր ժողովուրդներին։ Ժողովրդին, ընդհանրապես, չի էլ կարելի կտրել իր ամենօրյա ստեղծագործ աշխատանքից ու գամել տեղական ինքնակառավարման ընտրություններից մինչև դեպուտատների և երկրի նախագահի ընտրությունների անվերջանալի շղթային, մանավանդ որ այդ ընթացքում մարդիկ բաժանվում են ջոկատների և թշնամանում միմյանց դեմ։ Էլ չասեմ կրակոցների ու սպանությունների մասին, նաև այն մասին, որ ընտրությունների վրա ահռելի գումարներ են ծախսվում։ Հաշվի առնենք նաև այն, որ մարդիկ կաշառվում են ու կաշառքներ բաժանում։ Տեղի են ունենում նաև այլ ընտրակեղծիքներ։ Ինչևէ.. չնշեմ դեմոկրատական համակարգի բոլոր վնասները։ Այդ մասին հատուկ հոդվածներ ունեմ։ 

Դառնալով միապետությանը և միապետին՝ ժողովուրդը չի ընտրելու նրան, ոչ միայն որովհետև ունակ չէ որևե ճշմարիտ ընտրություն կատարել, այլ որովհետև Արքայի ընտրությունը ժողովրդի գործը չէ։ Ինչպես մարդը չի ընտրում իր հորը, իր պապին, ինչպես ժողովուրդը չի ընտրում իր մտավորականներին, գիտնականներին, բարերարներին, գեներալներին, հերոսներին և այլն, այնպես էլ ժողովուրդը չի ընտրելու իր Արքային։ Ժողովրդի գործն է միայն ընդունել ու կատարել ազգի մեծերի ցուցումները։ Ընդհանրապես, առաջնորդին ժողովուրդը չի ընտրում։ Առաջնորդին միայն ընդունում են ու հետևում։ Արաջնորդին ընդունելու համար, իհարկե, բավարար պատրաստվածություն է պետք ունենալ։ Դա ոչ բոլորը ունեն։ Հետևաբար, Ամբողջ ժողովուրդը ունակ չէ ճանաչել և ընդունել նրան։ Արքային ընդունելու է միայն բարձր գիտակցության ու արժեքների կրող մի փոքր խումբ և նրան ներկայացնի ժողովրդին։ Չմոռանանք, որ մարդկանց ընդհանուր թվի միայն չնչին տոկոսն է իմաստուն։ Հետևաբար հենց իմաստուններն էլ ճանաչելու և ընդունելու են Արքային։ Դա է միակ ճանապարհը։ Հուսով եմ հավատում եք, որ կա այդ իմաստունների փոքր խումբը։ Իսկ եթե կասկածում եք, այսինքն կարծում եք, որ ոչ մի իմաստուն փոքրամասնություն չկա, ապա ինչու եք համոզված, որ անիմաստուն մեծամասնությունը կարող է ճանաչել գերագույն մտավորականին՝ Արքային, ընտրել նրան ու գահ բարձրացնել։

Պարզապես, մեր ժողովրդի ուղեղները շատ վաղուց են լվացել դեմոկրատիայով։ Դրանից բացի ուրիշ ոչինչ չենք հասկանում։ Չգիտենք էլ, որ Սոկրատեսը 2500 տարի առաջ դեմ է եղել դեմոկրատիային, որի համար էլ զրպարտել ու սպանել են նրան։ Ոչինչ, որ այդ մասին շատերդ չգիտեք։ Բայց գոնե չեք տեսնու՞մ, որ եվրոպական միապետությունների ներկայացուցիչները մեզ անդադար դեմոկրատական կառավարում որդեգրելու և պահպանելու հորդորներով են դիմում։ Չեք մտածո՞ւմ հարցնել՝ բա, դուք ինչո՞ւ եք միապետություն պահպանում ձեր երկրներում։ Միայն չասեք, թե դրանք ձևական միապետություններ են, միապետներն էլ խրտվիլակներ են։ Այդ փաստարկը ջախջախելու համար բավական կլինի հիշել որ, օրինակ՝ Անգլիայի թագուհուն հրեշ եք համարում։ Եթե հրեշ է, ուրեմն խրտվիլակ չէ։

Միապետությունը իմ առաջարկի միակ բաղադրամասը չէ։ Ինչպես շատերդ գիտեք արդեն, իմ ամենագլխավոր բացահայտումն այն է, որ մեր ազգային ճգնաժամի և բոլոր մեծ ու փոքր դժբախտությունների պատճառների պատճառը ազգային ուսմունք չունենալն է։ Հետևաբար ազգային ուսմունք ունենալն ու այն սերմանելը մեր բոլոր խնդիրները լուծելու միակ բանալին է։ Բազմիցս եմ ասել, որ ազգային ուսմունքը ազգային պետություն կառուցելու միակ նախապայմանն է։ Շատերդ տեղյակ եք, որ ավելի քան տաս տարի առաջ կազմել ու ներկայացրել եմ Արարչական օրենքների հիմնարար դրույթներն ու մեր ապագա ազգային պետության հիմնաքարը՝ Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրությունը։ Միապետությունը մեր ազգային ուսմունքից բխող կառավարման համակարգ է։ Մեր ազգային ուսմունքից է բխում նաև տնտեսավարման ազգայնացված բնույթը։

Շատ անգամ եմ ասել, որ վտանգավոր է առանց միապետության ազգայնացնել տնտեսությունը, որովհետև ժամանակավոր կառավարիչների ինստիտուտի պայմաններում ժանտախտի պես կտարածվի կոռուպցիան և ամբողջ տնտեսությունը կկողոպտվի ։ Հետևաբար ամենակարևօրը միապետական կառավրում ունենալն, եթե անգամ պահպանվի կապիտալիստական տնտեսավարում։

Դեմոկրատիայի և կապիտալիզմի ամենակործանարար կացութաձևից պետք է անցնել միապետական կառավարման և ազգայնացված տնտեսավարման կացօւթաձևին։ Որպես միջանկյալ, անցումային կամ փոխզիջումային տարբերակ գուցե համաձայնվեմ համակերպվել միապետական կառավարման և կապիտալիստական տնտեսավարման կացութաձևի հետ։

Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ իմ բոլոր գաղապարներն ու առաջարկած լուծումները անձամբ ինձ համար չեն, այլ ամբող ժողովրդի, մարդիկ հասկանում են, թե ոչ։

©ԴԱվիթ Միրզոյան. 16 Ապրիլ, 2023թ.

No comments:

Post a Comment