Friday, May 19, 2023

ՀԱՅՐԵՆԻՔ - ԵՐԿԻՐ

 ՀԱՅՐԵՆԻՔ  - ԵՐԿԻՐ

Երբ գրեցի, որ երկիրը թալանվող հայրենիքն է, շատերը տարակուսանքից չկարողացան որևէ արձագանք ունենալ։ Բացատրեմ։

Երկիրն ու հայրենիքը շատ տարբեր բաներ են։ Երկիրը կարող է հայրենիք չլինել։ Տարբերությունն այն է, որ երկիրը պետականություն ունեցող համակարգ է, որը կառավարվում է այնպես, որ, պատկերավոր ասած՝ «ո՛չ շիշը վառվի, ո՛չ քյաբաբը». այսինքն և՛ հանցագործները չպատժվեն, և՛ անմեղները չկոտորվեն՝ շարունակեն աշխատել։ Երկրում կարող են անդադար և բազմապիսի գործընթացներ ընթանալ, կախված՝ թե ինչ ոհմակ է գտնվում իշխանության գլուխ։ Երկրներում հիմնականում իշխում են փողատեր խուլիգանները, որոնք ի դեպ կարող են և ծառայել նաև օտար երկրներին։ 

Ի հակադրություն՝ հայրենիքը ազգային ուսմունքի վրա հիմնված հասարակությունն է։ Դա կլինի առաքինի ուսմունք, թե ոչ, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ լինի հիմնաքար ուսմունք, իր հիմնարար արժեքներով, դրանցից բխող ենթաարժեքներով, դրույթներով, ենթադրույթներով  ու օրենքներով։ Ուսմունքային հիմնաքար ունեցող հասարակությունում խայտաբղետ գործընթացներ տեղի չեն ունենումև ամեն ինչ կանխատեսելի է։ Անակնկալներ չկան, իշխանությունն էլ ուսմունքով կանխորոշված առաջնորդություն է իրականացնում։ Չկա նաև իշխանության համար գզվռտոց։ Առաջնորդությունն էլ իրագործում է ուսմունքի գիտակ վերնախավը կամ անհատը։ Ամեն դեպքում՝ բոլորն ընդունում են ուսմունքն ու միաբան կերպով գործում մեկ նպատակի ուղղությամբ։ Ոչ ոք չի կողոպտում կամ գողանում, քանի որ բոլորը մեկ շահ և նպատակ ունեն։

Ի հակադրություն՝ հայրենիք չհանդիսացող երկրում, որտեղ բոլորի արժեքները, շահերն ու նպատակները չեն համընկնում, առկա է հակամարտություն, թշնամանք ու գզվռտոց։ Հետևաբար անհրաժեշտ է պետական կառույց մարդասպաններին մյուսներից հեռու պահելու համար, հենց միայն նրա համար, որ խելոքները աշխատեն։ Որպես կանոն երկրներում ամենահանցագործներն են գրավում իշխանությունն ու կողոպտում մյուս բոլորին։

Հիմա հասկանալի՞ է երկրի և հայրենիքի տարբերությունը։

Երկրներ աշխարհում շատ կան։ Հայրենիքները սակավաթիվ են։ Երկրներ են հիմնականում արևմտյան աշխարհի անուսմունք, իբր թե քրիստոնեական, երկրները, որոնք կառավարվում են դեմոկրատական սկզբունքներով։ Երկրներ են նաև կենտրոնական և հարավային Աֆրիկայի երկրները։ Հայրենիքներ են ուսմունքային հիմք ունեցողները. դա կլինի մահմեդական, բուդիստական, հինդուիստական թե մեկ այլ։ Չինաստանը չինացիների համար հայրենիք է։ Հայրենիք են բոլոր թագավորությունները։ 

Հիմնականում՝ այսքանը։ Եթե հարցեր լինեն, կպատասխանեմ։

©Դավիթ Միրզոյան. 7 Մարտ, 2023թ.

No comments:

Post a Comment