Friday, May 19, 2023

ՏՂԱՄԱՐԴ և ԿԻՆ

 ՏՂԱՄԱՐԴ  և ԿԻՆ

Թագուհի դառնալու մասին վերջին աֆորիզմիս ի պատասխան բազմաթիվ արձագանքներ եղան։ Եզակիներն են հասկացել ու  արտահայտել իրենց համաձանությունը։ Մեծամասամբ, սակայն (հիմնականում կանայք), նկատել են, որ քանի որ զույգի փոխհարաբերություններում ամեն ինչ փոխադարձ է, հետևաբար «թագավոր լինելու համար պետք է կնոջը վերաբերվել որպես թագուհու»։ Ոմանք էլ ուղղակի կերպով նկատեցին՝ «եթե ՏՂԱՄԱՐԴ Է, ուրեմն թագավոր է ,իսկ եթե արական սեռ է, դա դեռ ոչինչ չի նշանակում», հավելելով՝ «համամիտ չեմ պարտադրողական վերաբերվելուն, եթե տղամարդը թագավոր է, իր կողակիցը թագուհի է, այլ կերպ չի լինում, իրերը ուղիղ իրենց անուններով կոչենք, ոչ թե վերաբերվենք ասենք օրինակ կարտոֆիլին վերաբերվենք որպես անանասի»։ Ոմանք էլ խիստ հակադարձումով հանդես եկան՝ «Թագավորի՛ կողքին են թագուհի դառնում»։

Փաստորեն, կանայք պատրաստի անանաս են ուզում։ Դժգոհում են, որ կարտիֆիլ է բաժին ընկել իրենց և այլն։ 

Մեր բոլորի դժբախտությունն այն է, որ մեր հասարակությունը անուսմունք հասարակություն է՝ ո՛չ տղամարդիկ, ո՛չ էլ կանայք գաղափար չունեն իրենց էության, էությունից բխող դերի ու առաքելության մասին։ 

Հուսով եմ դիմադրողներ չեն լինի, եթե ասեմ, որ տղամարդ և կին էությունները միմյանցից 180 աստիճանի տարբեր էություններ են։ Չխորանալով այդ տարբերությունների ֆիզիոլոգիայի, հորմոնալ և մտավոր ոլորտների մեջ, փորձենք հասկանալ ամենահիմնականը՝ գենետիկ տարբերությունը։

Կինն իր բնույթով ավելի նման է մայր հողին։ Կնոջ առաքելությունն է ընդունել տղամարդու սերմն ու նրան պտուղ պարգևել։ Եթե որոշ կանայք սա նվաստացնող են համարում, ուրեմն կտրվել են իրենց կին էությունից։ Դրա պատճառները հիմնականում սոցիալական են, ավելի ճիշտ՝ մշակութային, կամ աշխարհայացքային և այլն։

Կնոջ գենետիկ որակներից է նաև պաշտպանվածության, ապահովության, կայունության և առատության ձգտումը։ Որոշ մտածողներ (հիմնականում տղամարդիկ) նկատի ունենալով նշածս որակները, նկատել են, որ կինն ընդհանրապես սիրել չգիտի, քանի որ նյութապաշտ է, այսինքն հաշվի է առնում միայն տղամարդու նյութական կարողությունները և այլն։ Պարզ ասած՝ կինը մղվում է դեպի այն տղամարդը, ով բավարար հարստություն ունի իրեն ու երեխաներին պաշտպանելու, ապահովելու իր ու երեխաների բարեկեցությունը, ապահովելու ամեն անհրաժեշտի առատությունը (մի քիչ էլ ավելին), և ամենակարևորը՝ որ այդ ամենը ոչ մի փոփոխություն չկրի դեպի վատը։

Մեր անուսմունք հասարակությունում և՛ կանայք, և՛ հատկապես տղամարդիկ կնոջ վերը նշված «նյութապաշտությունը» դիտում են որպես արատ և դրանով խաթարում ընտանեկան փոխհարաբերությունները։

Իրականում ոչ մի արտառոց բան չկա կնոջ «նյութապաշտության» մեջ։ Դա կնոջ գենետիկ կառուցվածքի արտահայտությունն է և միանգամայն իմաստուն ու ճշմարիտ է։ Ի՞նչ իմաստ ունի, անանասը թողած, կարտոֆիլ գնել։ Ցավալիորեն, սակայն, պատրաստի թագավորներ չկան։ Հետևաբար թագուհի դառնալու համար հարկավոր է նախաձեռնող լինել։

Իսկ ի՞նչ է պետք անել։ Մեծ զոհողություններ պետք չեն։ Պարզապես պետք է կին լինել։ Սեր ճառագել։ Երջանիկ լինել, որ տղամարդ կա կողքիդ։ Նրանից ոչինչ չպահանջել։ Պահանջը նվաստացնում է տղամարդուն (պահանջում են միայն ստրուկից, կամ ծառայից)։ Ամենակարևորը՝ պետք է հարգել տղամարդուն։ Տղամարդուն կնոջից առաջին հերթին հարգանք է պետք։ Եթե չկա կնոջ կողմից հարգանք, ապա տղամարդուն ուրիշ ոչինչ պետք չէ կնոջից։ Առանց հարգանքի ու գնահատանքի, կնոջ տված մնացած ամեն ինչը ոչ մի արժեք չունի տղամարդու համար ու չի կարող ոգեշնչել տղամարդուն։ Միայն կնոջ կողմից հարգանքն ու գնահատանքը կարող են տղամարդուն ոգեշնչել ու մղել գործունեություն ծավալելու, անգամ՝ սխրանքների։ Տղամարդու հանդեպ սերը կնոջ հարգանքն ու գնահատանքն են։ Տղամարդու հանդեպ հարգանքից ու գնահատանքից բխում են զույգի փոխհարաբերությունների մյուս բոլոր դրութները՝ ուշադրությունը, խնամքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ։ Եթե չկա կնոջ կողմից հարգանք ու գնահատանք, ապա տղամարդը կկորցնի իր հետաքրքրությունը կնոջ հանդեպ ու վերջ։ Հիմա կանայք կսկսեն բորբոքվել... Սիրելիներս, նախ՝ մի մոռացեք, որ տղամարդն արդեն ձեր հանդեպ ուշադրություն ու սեր է ունեցել երբ որոշել է մոտենալ ձեզ։ Ձեզ այնքան է սիրել ու պաշտել, որ մոտեցել է ու առաջարկություն արել, միաժամանակ սարսափելով, որ կարող է մերժում ստանալ։ Ի դեպ, ասեմ, որ մերժում ստանալը ամենամահացու վիրավորանքն է տղամարդու համար։ Եվ եթե նա հաղթահարել է այդ վախն ու այնուամենայնիվ առաջարկություն է արել, ապա պետք է գոնե գնահատել դա և նրան վերաբերվել որպես հերոսի։ Հաշվի առեք նաև, որ տղամարդը ձեզ անսահման բարձր է գնահատել, ձեզ իր  պաշտպանությունն առաջարկելով։ Չէ՞ որ պաշտպանությունը ենթադրում է ինքնազոհաբերություն։ Այսինքն տղամարդը պատրաստ է զոհել իր կյանքը ձեզ պաշտպանելու համար։ Պետք է գնահատել դա և հարգել նրան։ Հարգանք ու գնահատանք ստանալով, տղամարդը մեծ ուրախությամբ կշարունակի պաշտպանել, սիրել ու երկրպագել ձեզ։

Իհարկե շատ ավելին կա ասելու տղամարդ և կին փոխհարաբերությունների մասին։ Այդ ամենը հսկայածավալ  տրակտատների նյութ է, մեկ հոդվածի կամ ակնարկի բան չէ։ 

Բայց դառնանք մեր դժբախտությանը։ Չշեշտենք կանանց այն սխալը, որ ձգտում են ստանալ, փոխարենը ոչինչ չտալով, պահանջներ են ներկայացնում, խնդրելու փոխարեն, ձգտում ուշադրություն ստանալ, առանց ուշադրություն դարձնելու և այլն։ Տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների մասին վերը նկարագրությունս վերաբերում է տղամարդ և կին էություններին։

Ամեն ինչ այլ է իրական կյանքում, երբ գործ ունեք տղամարդկանց և կանանց հետ։ Հարկ եմ համարում շեշտել որ տղամարդ և կին էությունները չի կարելի շփոթել տղամարդկանց և կանանց հետ։ Պարզ ասած՝ ոչ բոլոր տղամարդիկ ունեն տղամարդ էություն, և ոչ բոլոր կանայք են լիովին կին։ 

Հետևաբար կյանքում հաճախ են պատահում շատ տարբեր համադրություններ՝ լիարժեք կին-լիարժեք տղամարդ, լիարժեք կին-անլիարժեք տղամարդ, անլիարժեք կին-լիարժեք տղամարդ, անլիարժեք կին-անլիարժեք տղամարդ և այլն։ Բոլոր դեպքերն ու դրանցից բխող դժբախտությունները անհնար է քննարկել։ Ավելի դյուրին է իմանալ տղամարդ և կին էությունների ճշմարիտ բնույթն ու ներընտանեկան փոխհարաբերությունները կարգավորել ըստ այդ գիտելիքի։ Ոչ մեկի անձնական խնդիրներին կամ կյանքի փորձին արձագանքելու ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում։ Դա անվերջ երկխոսության, անգամ բանավեճի նյութ է։

Ակնարկիս նպատակն է կանանց ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ եթե նախքան ամուսնության առաջարկ ստանալը գուցե ընդունելի է որոշ կամակորություն, անգամ քմահաճույքներ, կամ ցանկություններ (ոչ պահանջները իհարկե) ունենալը, ստուգելու համար տղամարդու սերն ու նվիրվածությունը, ապա այդ ամենը անթույլատրելի է առաջարկությունը ստանալուց հետո։

Սիրով ու ամենաբարի մաղթանքներով՝

Դավիթ Միրզոյան

15 Փետրվար 2023թ.

Մի փոքր շտկում))

Եթե կինը չի սիրում տղամարդուն, ապա ոչինչ չի ուզում անել նրա համար, եթե անգամ տղամարդը սիրում է կնոջը։ Տղամարդու դեպքում հակառակն է. տղամարդը ոչինչ չի ուզում անել, եթե կինը չի սիորւմ իրեն, եթե անգամ տղամարդը սիրում է կնոջը։

Ընդհանրապես ճիշտ է ասում. բայց տղամարդը բազում գործեր չունի։ Տղամարդն ունի միայն մեկ գործ՝ մեկ առաքելություն՝ բարեփոխել աշխարհը։ Եթե կինը սիրում ու հարգում է տղամարդուն և նրա առաքելությունն ու գաղափարները, ապա տղամարդն ավելի՛ն կանի։ Տղամարդը կարիք չունի բանաստեղծություններ գրելու կամ նկարելու և այլն։ Տղամարդը արվեստով ու գիտությամբ զբաղվում է կա՛մ երբ կին չունի, կա՛մ երբ սիրված չէ իր կնոջ կողմից։ Հետևաբար նա, ստիպված, արվեստում ու գիտության մեջ է սփոփանք գտնում։ Նրա ստեղծագործությունները, չնայած մաքառումով են ծնվում, այնուամենայնիվ, հետո ոգեշնչում են նրան, ինչպես սիրող կինը կոգեշնչեր իր սիրով։ Պատահական չէ, որ Պիգմալյոնը սիրահարվում է իր իսկ ստեղծագործությանը։ Չէ՞ որ արվեստի գործը անդադար էներգիա է ճառագում ու լիցքավորում։ Տղամարդը զմայլվելով իր իսկ ստեղծագործությամբ, լցվում է էներգիայով այնպես, ինչպես սիրող կինը կլիցքավորեր նրան։ Դա է պատճառը, որ նկարիչը երբեմն չի ուզում դուրս գալ իր արվեստանոցից, տուն գնալ, հատկապես երբ տանն իրեն սպասող ու սիրող կին չունի։

Այլ է իրավիճակը աշխարհի բարեփոխման դեպքում։ Տղամարդու կողմից բարեփոխված աշխարհը այնքան էլ ոգեշնչող չէ նրա համար, որքան իր իսկ ստեղծած արվեստի գործերը։ Բարեփոխված աշխարհը արվեստի գործ չէ, ամեն դեպքում չի ձգում արվեստի գործի մակարդակին։ Այն պարզապես բնական իրավիճակ է, որը միայն անդորր է բերում, հանգստություն ու խաղաղություն։ Դա իհարկե լավ է, սակայն միայն որովհետև խաղաղություն ու անդորր է ճառագում, բայց ոչ էներգիա։ Բարեփոխված աշխարհը չի կարող ճառագել այն էներգիան, որը սիրող կինը, կամ սեփական արարման արդյունք արվեստի գործը կարող է ճառագել։  Վերջապես՝ տղամարդը աշխարհը բարեփոխում է կնոջ համար, ոչ թե իր։  Տղամարդը կարող է ապրել անբարեկարգ, քաոսային, անգամ թշնամիներով շրջապատված, վնասակար աշխարհում, իսկ կինը չի կարող։ Կինը խաղաղ, լարվածությունից զուրկ, բարեկարգ ու կայուն աշխարհ է երազում։ Կինը չի կարող ապրել թշնամական, քաոսային ու փոփոխական միջավայրում։ Կինը լարվում է երբ մտածում է, որ իրավիճակը կարող է ամեն պահի փոխվել։ Իրավիճակի անկայունությունը կնոջը լարվածության է մատնում ու հանում հունից։ Տագնապած կինը չի կարող երջանիկ լինել, եթե անգամ տղամրդը շատ է սիրում նրան։ Ճիշտ է, երբեմն տղամարդու բարեփոխած աշխարհը կարող է ինչ-որ չափով ոգեշնչել նաև իրեն՝ տղամարդուն, եթե այն՝ տղամարոդու կողմից բարեփոխված աշխարհը, մոտ է արվեստի ստեղծագործություն լինելուն՝ գեղեցիկ է, համաչափ և բովանդակալից, բայց երբեք չի կարող հավասարվել տղամարդու կողմից արարված արվեստի գործին, ճառագել արվեստի գործին հավասար էներգիա։ Գուցե կնոջ համար կարող է, բայց ոչ տղամարդու համար։

Իսկ ընդհանրապես, և՛ տղամարդը, և՛ կինը երջանիկ են, երբ սիրում են իրար, այսինքն միմյանց են միահյուսվել իրենց բիոդաշտի բոլոր թելերով, երբ անսահման հոգատար են միմյանց հանդեպ, երբ իրենց ուշադրությունն ամբողջովին ուղղել են միմյանց կողմը, երբ միմյանցից բացի ուրիշ հետաքրքրություն չունեն։ Այս դեպքում տղամարդը ուրիշ բաներով զբաղվելու միտք անգամ չի կարող ունենալ։ Թերևս՝ միայն բարեփոխել աշխարհը, այն էլ, իհարկե, կնոջ համար։ Չէ՞ որ կինը կարիք ունի բարեփոխված, առատ, խաղաղ ու կայուն աշխարհի։) Առաց դրա կինը չի կարող հոգու լիարժեք խաղաղություն ունենալ, որքան էլ սիրված լինի տղամարդու կողմից։ Իսկ որպեսզի կինն իրեն լիովին երջանիկ զգա, տղամարդը պետք է բարեփոխի աշխարհը նրա շուրջը և լիովին երջանիկ դարձնի կնոջը։ Իսկ դա իր հերթին լիովին երջանիկ կդարձնի տղամարդուն։)

Ընդհանրապես՝ կինը պետք է գիտակցի իր էությունը դերն ու առաքելությունը. նույնը՝ տղամարդը։ Միայն այդ դեպքում կլինի ներդաշնակություն, սեր ու երջանկություն.

No comments:

Post a Comment