Friday, May 19, 2023

ԱՐԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳ

 ԱՐԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳ

Տղամարդը կնոջը առաջարկություն չի անում, նրա կողմից մերժվելու մտավախությունից։ Կինը տղամարդուն առաջարկություն չի անում, իրենց հետագա համատեղ կյանքի ողջ պատասխանատվությունն իր վրա չվերցնելու միտումով։

Երկու կողմի դիրքորոշումն էլ բացատրելի էն։ Տղամարդու համար մահացու վիրավորանք է կնոջ կողմից մերժում ստանալը, այն դեպքում, երբ իր ամբողջ սիրտն ու նվիրվածությունն է դրել նրա առաջ։ Կնոջ համար անհաղթահարելի խոչնդոտ է վստահել տղամարդուն, քանի որ ներկայումս վստահելի տղամարդ համարյա չկա. եղածներն էլ արդեն «զավթված» են։ Կինը չի վստահում տղամարդուն ոչ միայն այն պատճառով, որ տղամարդն իր բնույթով պոլիգամիստ է և այլն, կամ չի կարող ապրուստի միջոց հայթայթել անողոք կապիտալիզմի, հատկապես քաղաքային միջավայրում տնտեսական, քաղաքական, նաև մյուս բոլոր ոլորտներում կնոջ, մեծապես նաև ֆեմինիզմի գերիշխանության պայմաններում, այլ նաև այն պատճառով, որ մեր օրերի տղամարդը զուրկ է որևէ գաղափարից ու արժեքներից։ Իսկ կինը տղամարդու կարիքն ունի ոչ միայն իր անհրաժեշտի, նաև մի փոքր ճոխության, ընդհանրապես բարեկեցիկ կյանքի ապահովման համար, այլ ամենաշատը ճշմարիտ գիտելիքի և գաղափարական առաջընթացի համար։ Չէ՞ որ տղամարդը ոչ միայն նյութական բարիքների որսորդ է, այլ նաև ճշմարիտ բացահայտումների ու գաղափարների։ Որքան էլ վիրավորական հնչի, կինը անընդունակ է ինքնուրույն ճշմարիտ դիտարկումներ կատարել, ճշմարտություններ բացահայտել և ճշմարիտ գաղափարներ ձևավորել. էլ չեմ ասում ուսմունքներ ստեղծելու մասին, մանավանդ՝ ճշմարիտ։ Այս ամենը տղամարդու ոլորտն է։ Ցավոք՝ ոչ բոլոր տղամարդկանց... եթե չասենք՝ եզակիների։ Հետևաբար, կինը ճշմարտություններ բացահայտող տղամարդու կարիքն ունի։ Միայն տղամարդը կարող է իր ճշմարիտ պատասխաններով ցրել խավարը և պարզություն ու անդորր բերել կնոջ մշտապես խռովված էությանը, սփոփել նրան իր մեկնաբանություններով ու կանխատեսումներով, գուրգուրել ու փարատել կնոջ բոլոր տագնապները, լսել նրա բոլոր հարցերը, գանգատներն ու, ճշմարիտ բացատրություններ տալով ու կարեկցելով, գրկել ու ջերմացնել նրան։ Բայց քանի որ նման տղամարդիկ չկան, կինը ոչ մի որոշում չի կարողանում ընդունել ու երբեք ոչ մի քայլ չի անի տղամարդուն մոտենալու համար։ Չմոռանանք, որ ըստ արարչական ուսմունքի հենց կինն է տղամարդուն առաջարկություն անողը։ Բազմիցս եմ ասել, որ կինն է ընտրում տղամարդուն։ Եթե անգամ մեր ժամանակակից աշխարհում տղամարդն է առաջարկություն անում, այնուամենայնիվ, կինն է ընտրում, թե որ տղամարդն իրեն առաջարկություն անի։

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ներկայացնել կնոջ կողմից տղամարդուն ընտրելու արարչական կարգի պարզաբանումը։ Պատկերացրեք նավահանգիստ, ուր շատ տարբեր տեսակի նավեր են հանգրվանել։ Կան տարբեր մեծության առագաստանավեր, կան ռազմանավեր, կան տարբեր մեծության ձկնորսական նավեր ու նավակներ, կամ տարբեր աստիճանի, մաշվածության ու մեծության հազարավոր մակույկներ և այլն։ Ամեն նավի ու նավակի վրա փակցված է նրա ծրագիրը, ճամփորդության ուղին ու նշանակետը։ Կինը կարդում է այդ ամենը (ի դեպ կինը բավարար ինտուիցիա ունի լիովին ընկալելու ամեն ինչ) և ընտրում այն նավը, որի ծրագիրը, ճամփորդության ուղին ու նշանակետը համընկնում են իր գենետիկ կոդին։ Հետո դիմում է նավապետին, բարձրանալ նավ և նրա առաջնորդությամբ սկսել ճամփորդությունը։ Նավապետը, համոզվելով իրեն միանալու և ամեն ինչում իրեն օգնելու կնոջ անկեղծ նվիրվածության մեջ, ընդունում է կնոջ առաջարկը։ նկատենք, որ տղամարդն իրավունք չունի մերժել իրեն նման կերպ դիմած, որևէ կնոջ։ Սա համատիեզերական օրենք է։ Եթե տղամարդը մերժի, ապա կարժանանա տիեզերքի ամենադաժան պատիժներին։ Հետևաբար, եթե կինը կատարել է իր անկեղծ ընտրությունը, ապա մերժվելու ոչ մի մտավախություն չի կարող ունենալ, մանավանդ երբ գործ ունի առաքինի գենետիկ կոդ և գաղափարներ ունեցող տղամարդու հետ։ Տղամարդու և կնոջ նման միությունը միայն եբերկրանք կարող է պարգևել երկուստեք և երջանկացենլ նրանց, որքան էլ դաժան լինի նրանց համատեղ ճամփորդությունը կյանքում։ Նման զույգերը իրենց կյանքը, որպես կանոն, ավարտում են երջանիկ և ուրախ։ Մեկի ծերանալն ու կյանքից հեռանալը անասելի ցավ է պատճառօւմ մյուսին այն աստիճանի, որ թույլ չի տալիս մյուսին շարունակել ապրել։

Մեր օրերում սակայն ամեն ինչ գլխիվայր է ու քաոսային։ Չկան առաքինի ու բանիմաց տղամարդիկ։ Հետևաբար, համարյա ոչ ոք  չունի աշխարհը դիտարկելու, ճշմարիտ բացահայտումներ անելու և ծրագրեր ու գաղափարներ ձևավորելու ունակություն։ Կանայք ու աղջիկներն էլ ընտրում են այն տղամարդուն, որը գոնե ունակ է ապահովել, կամ արդեն ունի, կնոջ նյութական կարիքները բավարարող ռեսուրսներ՝ տուն, բավարար ու մշտական եկամուտ և այլն։ Մշտականը հատուկ եմ շեշտում, որովհետև կինը չի կարող տանել որևէ անկանխատեսելի փոփոխություն դեպի վատը։ Կինն իր գենետիկ կոդով ձգտում է առատության, ապահովության և այդ ամենի կայունության։ Ցանկացած փոփոխություն կամ փոփոխության հնարավորություն տեպի վատը լարվածության է մատնում և հունից հանում կնոջը։ Կինը դառնում է դյուրագրգիռ և դժբախտ։ Չի կարող կատարել իր կենսաբանական առաքելությունը՝ երեխաներ ծնել, սնել ու մեծացնել նրանց, շրջապատել սիրով ու բերկրանք զգալ։ Անգամ երեխաների առկայությունը նրան չի սփոփում, եթե անկանխատեսելի փոփոխությունների վտանգ կա։ Միայն եզակիներն են կարողանում տղամարդու կողքին կանգնել և միասնաբար դիմակայել ցանկացած մարտահրավերի։ 

Ի հակադրություն, տղամարդը կարող է դիմանալ ցանկացած փոփոխության։ Մշտական փոփոխությունը տղամարդու տարերքն է։ Տղամարդը արտաքին աշխարհի վերափոխողն է. ավելի ճիշտ՝ բարեփոխողը։ Հետևաբար, ցանկացած փոփոխություն տղամարդը որպես մարտահրավեր է համարում և անցնում գործի։ Կինը չի կարող տանել որևէ փոփոխություն։ Կնոջը միայն կայունություն է պետք։ Ոչի՛նչ, որ չկա առատություն կամ բավարար պայմաններ։ Անգամ անբարենպաստ իրավիճակը ավելի գերադասելի է կնոջ համար, քան որևէ փոփոխություն, անգամ փոփոխության որևէ սպառնալիք։ Ոչ մի պախարակելի բան չկա սրանում։ Սա պարզապես կնոջ գենետիկ բնույթն է և շատ հասկանալի, ընդունելի, անգամ ուրախալի տղամարդու համար։ Այո, ուրախալի, քանի որ տղամարդու առաքելությունն է հոգ տանել կնոջ մասին, ապահովել նրա անհրաժեշտը, որպեսզի կինը հանդարտվի, երջանիկ զգա իրեն, որպեսզի բացվի ու բերկրանքով ընդունի տղամարդու սերմն ու երեխաներ ծնի նրա համար։ Սա ևս շատ բնական է և ներհատուկ տղամարդու գենետիկ կոդին։ Այստեղ ևս պախարակելի ոչինչ չկա։ Սա համատիեզերական օրենք է և ի վերուստ սահմանված կարգ։ Ինչպես ուզում եք ընդունեք։ Տիեզերքն այսպես է առաջ տանում իր ծրագրերը։ Շատերը կարող են չընդունել Աստծո կամ տիեզերքի գոյությունը, բայց դա ոչինչ չի փոխում։ Կան օրինաչափություններ, կան օրենքներ, կա անխախտ կարգ ու կանոն։ Համատիեզերական կարգից մեր ամեն շեղում անպայմանորեն համապատասխան հարված է ձգում դեպի իրեն։ Ոմանք այդ հարվածները պատիժ են համարում, բայց դրանք մեզ ուղիղ ճանապարհի վրա դնելու նպատակ ունեն։ Եթե անգամ չընդունենք տիեզերքի ինտելեկտն ու հարվածների դիտավորությունը (գուցեև իրականում չկա ո՛չ ինտելեկտ, ո՛չ էլ որևէ դիտավորություն, նաև, իհարկե, Աստված և այլն), այնուամենայնիվ պետք է նկատենք և ընդունենք, որ ամեն ինչ տեղի է ունենում մեզ ճշմարիտ ուղու վրա դնելու համար։ Եթե դա ևս չընդունենք, ապա գոնե պետք է հասկանանք, որ կան օրինաչափություններ, կա նյութի էվոլյուցիայի կարգ, և երջանիկ լինելու համար հարկավոր է ճանաչել, հասկանալ և հետևել այդ կարգին։ Տիեզերքը կառուցվել և գործում է նյութական մասնիկների միմյանց հետ փոխհարաբերվելու խիստ որոշակի ու անխախտ կարգով։ Ոչ ոք չի կարող խախտել այդ կարգը (ամեն մասնիկ մյուսի հետ միանալու ճշգրիտ ձև ու հերթականություն ունի. և հենց այդպես է կառուցվում գենետիկ կոդը, մանավանդ՝ կատարյալ գենետիկ կոդը)։ Ամեն խախտում բերելու է կազմաքանդման։ Ընդ որում՝ որքան երկար ու շարունակական է եղել խախտումը, ապա այնքան ցավոտ ու շռնդալից է լինելու կազմաքանդումն ու կործանումը։ Այստեղ չեմ կարող չնկատենլ, որ անգամ ամենաանկարգները չեն սիրում անկարգություն, ամենաչարակամները չեն սիրում չարակամություն, դավաճանները չեն սիրում դավաճանություն և այլն։

Ուրեմն՝ տիեզերքում առկա է խիստ կանխորոշված կարգ։ Կարող ենք դա անվանել աստվածային, արարչական, արիական, բարձրագույն և այլն։ Ամեն մարդ իր բնորոշումը կարող է տալ, սակայն դրանից ոչինչ չի փոխվում տիեզերքում։ Պետք է հասկանալ և ընդունել այդ կարգը և անկապ բաներ չանել։

©Դավիթ Միրզոյան. 10 Ապրիլ, 2023թ.

No comments:

Post a Comment