Friday, May 19, 2023

ԱԶԳԱԿԻՑՆԵՐԻՍ

 ԱԶԳԱԿԻՑՆԵՐԻՍ

նիկոլիզմից բողոքող և նիկոլ քլնգող զանգվածներ, խոսելուց առաջ դուք նախ պետք է ներում խնդրեք նրանցից, ովքեր 2018-ի ապրիլի կեսերց ձեզ նախազգուշացնում էին ահագնացող վտանգի մասին, այն ժամանակ երբ դուք լուռ էիք։ Ձեզնից ոմանք էլ, համոզված եմ, մասնակցել են փողոցային ընդվզումներին։ Վերջիններն ընդհանրապես խոսելու իրավունք չունեն։ Ձեր ներողություններն էլ չեն ընդունվի, եթե անգամ փորձեք մեղայականով ներկայանալ։ Ձեր մեղքը դուք կարող եք քավել միայն ձեր բերած ղեկավարին ցած բերելու գնով։ Ընդ որում, դրանից հետո հավիտյան լռելու պայմանով։

Շատ առեղծվածային ազգ ենք՝ մեղքի ոչ մի զգացում չունենք։ Անպատվաբեր ենք համարում անգամ սխալվելը։ Իսկ սխալվելուց, նաև մեղք գործելուց հետո, ներում խնդրելու և ապաշխարելու փոխարեն, ջանում ենք ամեն գնով կոծկել մեր մեղքերն ու անտեսել մեր պատճառով ստացված ավերածությունները։ Էլ չեմ խոսում երկիրը անդնդի հատակը հասցնելու մասին։ Պապանձվելու փոխարեն ձեններս գլուխներս ենք գցում, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ մեղավորը մենք ենք։ Ճիշտ են նկատել մեր նախնիները, որ գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին։

Նմանապես, ամենամեծ հանցագործները աղաղակում են ու պախարակում նիկոլին ու ներկա իշխանություններին, իրենցից ուշադրությունը շեղելու համար, հավատացնելու համար մյուսներին, թե նիկոլիզմի հետ ոչ մի կապ չեն ունեցել, չեն սխալվել իրենց ընտրության մեջ և ընդհանրապես ոչ մի մասնակցություն չեն ունեցել թավշանտախտի մեջ։

Որքան հորդորեմ կամ փորձեմ ամոթանք տալ, միևնույն է, ոչինչ չի փոխվի։ Անամոթ զանգվածներ շատ կան։ Մեղադրելու չէ, իհարկե, որովհետև ազգովի մոռացել ենք ինչ է ամոթը, խիղճը, արդարությունը և այլն։ Ընդհանրապես ոչ մի արժեք չունենք մեզանում։ Մոռացել ենք, թե մոռացության ենք մատնել, կամ գուցե ստիպել են մեզ մոռանալ, հրաժարվել և այլն, արդեն նշանակություն չունի։ Փաստն այն է, որ չունենք ոչ մի առաքինի արժեք, արժեհամակարգ և ուսմունք։ Սա է պատճառը մեր բոլոր դժբախտությունների և համատարած քաոսի։ Հետևաբար կարիք չկա զարմանալ, որ տանուլ ենք տալիս ամեն բնագավառում։ Չկա ոչ մի հարգանք ազգի մտավորականի հանդեպ, անգամ ազգի նվիրյալ զինվորների հանդեպ։ Հարգում պատվում ենք միայն հանցագործ ու հանցամիտ տարրերին, կոռուպցիան ու տգիտությունը։ Գոռոզ ու ամբարտավան ազգը չի կարող պետություն ունենալ։ Դրա համար պետք է հարգել  և պետության ղեկը վստահել ազգի առաջնորդին։ Իսկ քանի որ մենք առաջնորդ չենք ընդունում, ապա երբեք պետություն չենք ունենա։ Կունենանք, լավագույն դեպքում, պետականություն, որը կառավարվում է բախտախնդիր ու հանցագործ կառավարիչների կողմից։ Մեր դեպքում արդեն՝ թշնամու գործակալական ցանցի կողմից։

Շատերը համոզված են, որ մենք այնքան փչացած ենք, որ արժանի ենք կոտորվելու և վերանալու։ Ինձ էլ խորհուրդ են տալիս կյանքս չվատնեմ անարժանների վրա։ Ես լիովին հասկանում եմ և ընդունում իմ հանդեպ կարեկից և հոգատար վերաբերմունքը, սակայն համոզված եմ, որ արժե պայքարել, քանի որ կան աստվածամարդիկ՝ հայրենասեր ու հայրենանվեր հայորդիներ։ Հենց միայն նրանց հույսերն ու բաղձանքները իրականություն դարձնելու համար արժե պայքարել, անգամ գնալ ինքնազոհաբերությունների։

Սակայն պետք է չմոռանալ, որ միայն մեկ անհատի ինքնազոհաբերությունները անկարող են լուծել ազգի առջև ծառացած բոլոր խնդիրները։ Բոլոր ազգանվեր ուժերի միաբանությունն ու համախմբված ջանքերն են անհրաժեշտ հատկապես հիմնարար խնդիրները լուծելու համար։ Վերջապես չմոռանանք հինավուրց իմաստնությունը՝ «Հասարակության խնդիրների լուծման խնդիրը, ողջ հասարակության խնդիրն է»։ Իհարկե, ազգային պետություն ունենալու դեպքում, ազգային բոլոր խնդիրները լուծելու պատասխանատուն Համայն Հայոց Արքան է լինելու, տարբեր ոլորտների կառավարիչների հետ միասին, սակայն ժողովրդի դերը երբեք չի զերոյացվելու։ Հայաստանի Թագավորության յուրաքնաչյուր հպատակ պարտավորություն ունի սեփական հայրենիքի հանդեպ։

Հուսով եմ ազգովի կգանք այդ գիտակցությանը և միահամուռ կկառուցենք մեր գենետիկ կոդից բխող բաղձանքների պետությունը՝ Հայաստանի Թագավորությունը։

©Դավիթ Միրզոյան. 17 Մարտ, 2023թ.

No comments:

Post a Comment