Friday, May 19, 2023

ՄԻԱՊԵՏԻ «ԸՆՏՐՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԸ

 ՄԻԱՊԵՏԻ «ԸՆՏՐՈՒԹՅԱՆ» ՀԱՐՑԸ

2010 թվականից ի վեր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածում եմ միապետությունը վերկանգնելու և ազգայնացված տնտեսավարման անցնելու գաղափարներս։  Հրապարակել եմ Հայաստանի Թագավորության իմ կազմած ազգային սահմանադրությունը, Արարչական օրենքները, հատվածներ ապագա միապետական Հայաստանը և Համայն Հայոց Արքային ներկայացնող իմ «Վերածնունդ» վեպից և այլն։ 

Ոմանք վերջապես սկսել են ուշադրություն դարձնել առաջարկիս կողմը։ Թեկուզև լիովին չեն պատկերացնում, սակայն զգում են, որ դա է միակ լուծումը։ Եզակիներն են, կարծես, ընդունում գաղափարիս լրջությունը և հարցնում են՝ «բա, ինչպե՞ս ենք ընտրելու Արքային»։ Մի քանի անգամ պատասխանել եմ, բայց հարկ եմ համարում ավելի մանրամասն ներկայացնել հիմնավորումներս։

Նախ՝ Համայն Հայոց Արքան քաղաքական գործիչ չէ։ Հետևաբար, ոչ մի ընտրության մասին խոսք լինել չի կարող։ Ընտրում են միայն քաղաքական գործչին։ Ընդհանրապես, ընտրություններ լինում են միայն դեմոկրատական համակարգում։ Միապետական համակարգում ընտրություններ չեն լինում։ Միապետական համակարգում ընտրությունները բացառված են։ Ինչպե՞ս կարեի է դեմոկրատական միջոցներով անցնել միապետական համակարգի, մանավանդ որ դեմոկրատական միջոցները իրենց երբեք չեն արդարացրել։ Չեն արդարացրել ոչ միայն այն պատճառով, որ փողատեր բուրժուազիան, մեր դեպքում փողատեր խուլիգարխիան, տարբեր, ժողովրդի համար աննկատ, երբեմն էլ կոպիտ ու ցցուն, եթե չասենք հակաօրինական, կամ ավելի ճիշտ՝ հանցագործ, միջոցներով, միշտ իր ուզած ուղղությամբ է տարել ընտրությունները, ընդ որում ներգրավելով ու հանցակից դարձնելով բնակչության լայն զանգվածների, այլ նաև հենց այն պատճառով, որ ժողովրդի մեծամասնությունը, մեղմ ասած, իմաստուն չէ, հետևաբար չի կարող ճիշտ որոշում ընդունել։ Ինչպես ավելի քան հարյուր հիսուն տարի առաջ Էդգալ Ալան Պոն է ասել՝ «մեծամասնության կարծիքը միշտ սխալական է, քանի որ մեծամասնությունը հիմարներ են»։ «Հիմարներ»-ը մի փոքր վիրավորական է հնչում, սակայն դա միանգամայն համապատասխանում է իրականությանը։ Քանի որ մեծամասնությունը հիմար է, ապա չի կարող հասկանալ և անդունել, որ ինքը հիմար է։ Մի՞թե հաճախ չեն հանդիպում համացանցում, հեռուստատեսությամբ և ամենուր, իրենց խելոքի տեղ դրած, հիմարություններ շաղակրատողները։ Այդ բոլորի աղաղակները ի վերջո վերածվում են ժխորի և քաոսի մատնում ու մոլորեցնում հասարակ մարդկանց։ Իսկ դա արդեն շատ վնասակար է երկրի համար՝ երբ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ է պետք անել, որն է ճիշտը, որը՝ սխալ և այլն։ Անգամ արտաքին թշնամին, մեր երկիրը քանդելու նպատակով, նման սաբոտաժ չէր կարող կազմակերպել, եթե անգամ աշխարհի ամբողջ ֆինանսը ներդներ այդ գործի մեջ։ Ինչևէ... եթե մենք ինքերս մեզ չվնասենք, ապա ոչ մի արտաքին թշնամի չի կարող։ Մենք ենք մեր ամեամեծ թշնամին, մեր տգիտոիւթյամբ ու գոռոզությամբ և այլն։

Արքայի «ընտրության» հարցում դեմոկրատական ոչ մի մեխանիզմ չի կարելի կիրառել։ Դա, ընդհանրապես, հակացուցված է, իսկ միապետության դեպքում՝ հատկապես չի կարելի։ Կարճ ասած՝ միապետությունը դեմոկրատիա չէ, հետևաբար ոչ մի ընտրություն կամ հանրաքվե չի կարող լինել։

«Իսկ փոխարենը ի՞նչ պետք է լինի և ինչպե՞ս», հարցնում են ոմանք։ Բազմիցս եմ պատասխանել։ Ինչպես անհատը չի ընտրում իր հորը, իր պապին, կամ գերդաստանի նահապետին, ինչպես ազգը չի ընտրում իր մտավորականին, գիտնականին, հոգևորականին, զորավարին, հերոսին և այլն, այնպես էլ չպիտի ընտրի իր առաջնորդին՝ ազգի գերագույն նահապետին, գերագույն մտավորականին, գերագույն ուսուցչին ու դատավորին։

Դեմոկրատիային սովոր մարդիկ շատ մեծ դժվարությամբ կհասկանան ասածս, ավելի մեծ դժվարությամբ կընդունեն, բայց քանի որ կարիք կա, ստիպված եմ բացատրել ու հիմնավորել։ Օրինակ վերցնենք դեմոկրատական համակարգից, որպեսզի ավելի հասկանալի լինի ասելիքս։ Դեմոկրատական համակարգում կան կուսակցություններ։ Ի՞նչ են դրանք։ Դրանք, դասական իմաստով, ժողովրդի ամենատեղեկացված, բանիմաց ու փորձառու անհատների խումբն է, որը իր միջից՝ այդ խմբից, ընտրում է առաջնորդ, ամենաբանիմաց ու ամենափորձառու մեկին, որպեսզի այդ անհատը առաջնորդի այդ կուսակցությունը, հետո գուցե նաև՝ երկիրը։ Այդ անհատի առաջնորդությամբ կուսակցությունը՝ ժողովրդի բանիմաց ու փորձառու անհատներոի խումբը, ծրագրեր է կազմում, առաջարկություններ անում, լուծելու համար ազգի առջև ծառացած խնդիրները։ Այստեղ նկատենք, որ կուսակցության առաջնորդին ընտրում է կուսակցությունը, այսինքն կուսակցության անդամները, այլ ոչ թե ժողովուրդը։ Իհարկե՝ հետագայում այդ կուսակցությունը իր առաջնորդի և առավել բանիմաց ու փորձառու անդամների թեկնածություններն է առաջադրում, երկրի տարբեր ղեակավար պաշտոնների համար ու պայքարում, շահելու ժողովրդի ձայները։ Բայց այս մասին արդեն ասվեց վերևում, մասնավորապես, որ ժողովրդի մեծամասնության կարծիքը որպես կանոն, սխալ է, ժողովուրդն էլ սխալական։ Մեր երկրի վերջին երեսուն տարվա պատմությունը՝ ապացույց։ Մենք բացառություն չենք, իհարկե՝ դեմոկրատիան չի աշխատում նաև մյուս բոլոր երկրներում։ Այս մասին քննարկումներ անցկացնելու ժամանկը չէ։ Իմաստ էլ չունի։ Ի սկզբանե բոլոր, դեմոկրատական հորջորջվող, երկրները սկզբնավորվել և կառավարվել են, այժմ էլ կառավում են մի փոքր խումբ ստվերային ուժերի կողմից, որոնց ձեռքում է եղել և այժմ էլ է ամբողջ կապիտալը։

Դառնանք կուսակցության օրինակին։ (Դարձայ հիշեցնեմ, որ դասական, ավելի ճիշտ՝ դասագրքային տարբերակի մասին է խոսքը։ Իրականում աշխարհում ամենուր կուսակցություններ են կազմել փողատեր և ստվերային բուրժուազիան, իսկ մեզանում արդեն խուլիգարխիկ ստվերային բուրժուազիան։) Ինչպես իրար գլխի են հավաքվում ժողովրդի բանիմաց ու փորձառու անհատները և իրենց շարքերում ճանաչում և առաջնորդ են դարձնում իրենց ամենաբանիմաց ու փորձառու ընկերոջը՝ կուսակցին, այնպես էլ Համայն Հայոց Արքայի հարցում, ազգի մտավորականությունը ճանաչում և առաջնորդ է դարձնում ազգի ամենաբանիմաց և ազգային ուսմունքի ամենագիտակ անհատին։ Այդ մասին հայտնում է ժողովրդին և վերջ։ Սա, իհարկե, դասական տարբերակն է։ Շատ լավ կլիներ, որ մեզանում լիներ մտավորականություն և աներ իր գործը։ Ցավոք, մեզանում մտավորականություն չկա։ Փոխարենը կա գրաճանաչների մի հսկա զանգված, որն իրեն խելոքի տեղ դրած, կիսագրագետ, երբեմն էլ սխալ, իսկ հաճախ կողմնակալ, եթե չասենք ծախված, կարծիքներ է բարբաջում և մոլորեցնում մարդկանց։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր հեռուսաալիքներով և համացացանցում։ Էլ չխոսենք սոցցանցերի մասին։ Ամեն օգտատեր իր կիսագրագետ բղավոցներով «լայքահավաք» որսի է դուրս եկել և անառակ կնոջ պես ջանում է իր վրա հրավիրել ամբողջ շրջապատի ուշադրությունը։ Սա է դրանց միակ նպատակը՝ սկանդալային ու «խելոք» բաներ դուրս տալ, ուշադրություն գրավել, բավարարվել ու հանգիստ քնել։ Ազգի ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում։ Այլապես կփորձեին լուծումներ գտնել, կամ գոնե լսել ուրիշների առաջարկած լուծումները։ Լաչառ կնոջ պես միայն բողոքում են, վատաբանում, պախարակում, մեղադրում ու բամբասում։ Էլ չասեմ փողոցային վարքի ու հայհոյանքների մասին։ Ամենազզվելին կանանց բերանից դուրս եկող փողոցային արտահայտություններն ու հայհոյանքներն են։

Ուրեմն, ինչպես կուսակցությունն է ընտրում իր առաջնորդին, ինչպես հոգևորականներն են ընտրում իրենց առաջնորդին, այնպես էլ ազգի մտավորականությունն է ընտրելու Համայն Հայոց Արքային։  

Անցնենք առաջ։ Ուրեմն, ինչպես տեսանք կուսակցության օրինակում, ազգի մտավորականությունն իր շարքերում ճանաչում և առաջ է մղում ամենաբանիմաց ու ազգային ուսմունքի գիտակ անհատին և տեղեկացնում ժողովրդին։ Բայց, ցավոք սրտի, մենք մտավորականություն չունենք։ Ու հենց դա է պատճառը, որ գործը տեղից չի շարժվում։ Մանավանդ որ աղմուկ աղաղակ է տիրում ամենուր։

Ի՞նչ պետք է լինի այս դեպքում։ Այս դեպքում պետք է ազգի բանիմաց և ազնիվ մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով գտնվում են ստվերում ու վախենում են մասնակցել որևէ բանավեճի, որևէ շարժման, կամ պայքարի, հասկանան երկրի օրհասական իրավիճակը և սկսեն չվախենալ հայտարարել, որ ընդունում են միապետությունը վերականգնելու առաջարկս։ Նրանք, ովքեր մի փոքր կասկածում են, պետք է սկսեն հասկանալ, որ առաջարկս ուտոպիական չէ, որ հնարավոր է, անգամ անհրաժեշտ է իրագործել։ Պետք է հասկանան նաև առաջարկածս մարտավարությունը՝ որ «օվերտոնի պատուհան» կոչված տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է իրագործել ցանկացած ծրագիր։ Պետք է հասկանան, որ ցանկացած ծրագիր իրագործելու գրավականը մարդկանց համոզելու մեջ է։ Պետք է հասկանան, որ մարդկանց հնարավոր է համոզել միայն, երբ շատերն են ասում և շատ։ Սա է պատճառը, որ մշտապես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով ընդունում է գաղափարներս, ամեն օր իր էջում արտահայտի միապետության գաղափարի հետ իր համաձայնությունը։ Բացատրություններ տալու կարիք չկա։ Միայն համաձայնություն արտահայտելը արդեն լուրջ հայտարարություն է և փաստարկ։ Երբ մարդկանց բավարար քանակ ընդունի միապետության գաղափարը, ապա կարելի է անցնել իշխանափոխության փուլին՝ փողոցային պայքար, երթեր, ցույցեր, միտինգներ, գործադուլ, ճանապարհներ փակել և այլն։ Առանց ավարտելու գաղափարական հեղափոխությունը, անհնար է անցնել իշխանափոխության փուլին։

Չմոռանաք, որ եթե բոլորն ընդունեն միապետության գաղափարը, ապա իշխանափոխությունը կլինի ակնթարթորեն և անարյուն։ Եթե ընդունի մեծամասնությունը, ապա իշխանափոխությունը կլինի դժվարությամբ՝ երկարատև փողոցային պայքարից հետո։ Եթե ընդունի փոքրամասնությունը, ապա իշխանափոխությունը կլինի մեծ զոհերի գնով։ Իսկ եթե միայն եզակիերը ընդունեն միապետության գաղափարը, ապա ընդհանրապես իմաստ չի ունենա դուրս գալ  իշխանափոխության։

©Դավիթ Միրզոյան. 26 Ապրիլ 2023թ.

No comments:

Post a Comment