Friday, May 19, 2023

ՏԱՊՈՒԿ ԹՇՆԱՄԻՆԵՐ

 ՏԱՊՈՒԿ ԹՇՆԱՄԻՆԵՐ

Միանգամայն ընդունելի է, երբ զանգեր են հնչեցնում և աղաղակում թշնամու հարձակման և ընդհանրապես նրա մասին տեղեկացնելու համար։ Սակայն պատերազմի թեժ հորձանուտում միայն լուծումներ են պետք։

Ինչ-որ տեղ կարելի է հասկանալ մեր աղաղակողներին, քանի որ ժողովուրդը տեղից չի շարժվում։ Բայց գուցե պետք է մի փոքր մտածել, հասկանալու համար, թե ինչու տեղից չի շարժվում։ Պետք է խորապես մտածել, երբ ժողովուրդը տեղից չի շարժվում անգամ սաստկացող աղաղակների դեպքում։ Իսկ երբ ժողովուրդը տեղից չի շարժվում, երբ ամենավերջին միջոցներով վիրավորում ես նրա արժանապատվությունը, ապա պետք է դադարել աղաղակելուց և փորձել գտնել ժողովրդի անգործության պատճառը։ Չի կարելի անուղեղ կերպով շարունակել սաստկացնել աղմուկն ու վիրավորանքները։ Անօգուտ է նաև նորանոր վերլուծություններ անել, մանավանդ որ նախորդ վերլուծությունները ոչ մի օգուտ չեն տվել, հատկապես՝ երբ սխալ են եղել։ Չի կարելի նաև ժողովրդին անդադար կերակրել լեզվական, կամ ստուգաբանական բացահայտումներով։ Ազգային խորը ճգնաժամի մեջ գտնվող ժողովրդին այդ ամենը չի հետաքրքրում։ Եթե իսկապես գտնում եք, որ ժողովուրդն իմաստուն է, ապա ընդունեք որ իմաստնություն կա նրա տեղից չշարժվելու մեջ։ Ո՞րն է դա, կհարցնեք։ Բացատրեմ։ 

Ժողովրդին չի հետաքրքրում ոչինչ բացի խնդրի լուծումից։ Նա կլսի միայն նրան, ով լուծում ունի կառաջարկելու, այսինքն այնպիսի գաղափար, որը կլուծի բոլոր խնդիրները։ Այդպիսի լուծում է միապետական կառավարման և ազգայնացված տնտեսավարման առաջարկս։

Շատերը կասեն՝ ժողովուրդը դա չի հասկանում։ Գուցեև չի հասկանում։ Դուք, հո, հասկանո՞ւմ եք։ Թե՞ դուք ևս չեք հասկանում։

Եթե հասկանում եք, բայց շարունակում եք լռել և դրանով ժողովրդին չհասցնել առաջարկս, ապա խանգարում եք գաղափարական հեղափոխության առաջընթացին։ Շատ լավ գիտեք, որ փողոցային հեղափոխությանը, որպես կանոն, նախորդում է գաղափարական հեղափոխությունը։ Այլ կերպ ասած՝ անհնար է փողոց հանել մարդկանց, եթե գաղափարապես պատրաստված չեն, այսինքն՝ չգիտեն ինչի համար փողոց դուրս գալ, ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո, արդյո՞ք շահավետ է ակնկալվող փոփոխությունը, թե՞ ոչ այնքան, ամենաքիչը՝ ի՞նչ են շահելու իրենց ինքնազոհաբերության արդյունքում և այլն։

Իսկ ովքեր արհամարհում են առաջարկս և շարունակում են աղաղակել իրենց դիտարկումներով, վերլուծություններով, առավելևս հումորով, միևնույն ժամանակ ոչ մի առաջարկ չունենալով, ապա երկրի թշնամիներն են, քանի որ դիտավորյալ կերպով ձգձգում են ազգային ճգնաժամի լուծումը։ Այո, թշնամի, որովհետև միայն թշնամին կարող է արհամարհել ասպարեզում առկա լուծումը և շարունակել աղմուկ-աղաղակ տարածել, դրանով խլացնելով գաղափարակրի ձայնը և թույլ չտալով, որ այն հասնի ժողովրդի ականջներին։

Կան իհարկե իմ առաջարկից անտեղյակ զանգվածներ, որոնք այն գեղոներն են, ովքեր փրփրակալած բերաններով ու ճարպոտ կոկորդներով, զանգվածային ոչնչացման զենքի պես քաղաք են իջել ու փորձում են մյուս բոլորին տապալելու գնով տեղ բացել իրենց համար, լափել ու լփռվել, նպատակ ունենանով նույն հնարավորությունը տալ իրենց սերունդներին։ Փաստորեն կոկորդ պատռող ակադեմիկոս-մակադեմիկոսների, դասախոս-մասախոսների, վերլուծաբան-մերլուծաբանների, լրագրող-մրագրողների և այլ մանրապճեղ ջահել-ջուհուլների մեջ սեփական տնամերձից ու լափից բացի բացարձակապես ոչ մի հետաքրություն չկա։

Ինչևէ... անցնենք առաջ և փորձենք ամփոփել։ Ովքեր չեն հասկանում, կամ դիտավորյալ կերպով աղմկախեղդ են անում երկիրը կործանումից փրկելու, ազգային խորը ճգնաժամը լուծելու միակ առաջարկը, միաժամանակ որևէ այլ առաջարկ չունենալով, ապա ազգի առաջին և ամենավտանգավոր թշնամիներն են։ Ներսի կոռումպացված, հանցագործ, տգետ ու գոռոզ զանգվածին անհնար է չնկատել։ Իշխանական լծակների մոտ հասած արտաքին թշնամու գործակալներին ևս։ Սակայն հրեշտակի թևերով ծածուկ, կամ ավելի ճիշտ ասած՝ տապուկ թշնամուն դժվար է նկատել, բացահայտել, դասակարգել և ջրի երես հանել։ Շատ ավելի դժվար է հաստատել դրանց մեղքը և դատել։ Գուցե երբեք էլ չհաջողվի դատել, սակայն գոնե բոլորը պետք է ճանաչեն դրանց։ Հուսով եմ բանը չի հասնի համազգային պարսավանքի։ Եթե ամեն տապուկ թշնամի ճանաչի իրեն և գոնե ինքն իր առաջ  խոստովանի իր սարքած ավերածություններն ու ապաշխարի, ապա գուցեև ստացվի փրկել երկիրը։ Իսկ եթե ոչ, ապա մյուս բոլորի հետ միասին ստիպված կլինի ճաշակել կոտորվելու բոլոր «հմայքները»։ Առաջին հերթին վտանգ է սպառնում արցախահայությանը։ Ինչպես շատ անգամ եմ ասել, Արցախից հետո հերթը Սյունիքինն է։ 930 օր հետո էլ կընկնի Երևանը։  Հույս չունենաք, թե փախուստի ճանապարհ եք ունենալու։ Թշնամին աստիճանաբար բոլորին հավաքելու է Երևանում, հետո մեկ ռոււմբի հարվածով ոչնչացնելու է։ Յաթաղանների ժամանակները վաղուց անցել են։ Լավ մտածեք։

Ընդհանրապես՝ երբ արդեն գտնվել է խնդրի լուծումը, անիմաստ, անգամ զավեշտալի է շարունակել դիտարկումներ անել, իբր փորձելով բացահայտել խնդրի էությունը։ Ավելի մեծ զավեշտ է սահմանափակվել միայն դիտարկումներով կամ լավագույն դեպքում վերլուծություններով, միաժամանակ հրաժարվելով ընդունել խնդրի առկայությունը։ Ամենածիծաղելին, սակայն, սեփական «բացահայտումների» համար ծափահարություններ, ուշադրություն ու ճանաչում ստանալու մոլուցքը բավարարելու և հանգիստ քնելու մղումն է, այն դեպքում երբ երկիրը պատերազմի մեջ է և հայտնի չէ՝ ինչ ճակատագիր է սպասվում բոլորին, հատկապես՝ մատաղ սերնդին։ Առվազն սրիկայություն է անտեսել նրան, ով գտել է խնդրի լուծումը։ Ավելի մեծ սրիկայություն է անտեսել խնդրի լուծումը։ Խնդրի լուծումը հանկարծակի, երազում չի գալիս։ Այն երկար տարիների մտորումների արդյունք է։ Ամեն ինչ սկսվում է դիտարկումներից, հետո աստիճանաբար արվում են բացահայտումներ և վերջապես գտնվում է լուծումը։ Խնդրի լուծումը արհամարհելը արհամարհում է այն գտնողի կատարած ամբողջ աշխատանքը, ներդրված ժամանակը, ռեսուրսները և հենց իրեն՝ խնդրի պատճառն ու լուծումը բացահայտողին։

©Դավիթ Միրզոյան. 16 Փետրվար, 2023թ.

No comments:

Post a Comment