Friday, May 19, 2023

ՓԱԿՈՒՂԻ

 ՓԱԿՈՒՂԻ

Դարեդար մարդիկ ակնածանքով են վերաբերվել հարուստներին, քանի որ հասկացել են, որ նրանք բանիմաց և խելացի մարդիկ են, իմաստուններ, գիտեն ինչ է պետք անել, որտեղ ու որքան ներդրումներ կատարել և այլն։ Աղքատները հլու, հնազանդ և անվերապահորեն կատարել են հարուստների հրամաններն ու հավատարիմ ծառայել նրանց, քանի որ անսահմանորեն վստահել են, համոզված, որ երբեք անխոհեմ քայլ չեն անի, անօգտակար ներդրում չեն կատարի, որ ընդհանրապես ամեն ինչ կանեն քաղաքի կամ երկրի բարօրության համար և այլն։

Ներկայումս, ավաղ, ամեն ինչ գլխիվայր է շրջված։ Փողի տեր են դառնում նրանք, ովքեր ավելի դաժան, գազան ու տգետ են քան մյուսները, չունեն բարձր արժեքներ, հաստատուն մտքեր ու գաղափարներ, չունեն առաքինի ուսմունք, հետևաբար չգիտեն, թե ինչ է պետք անել, ինչ ներդրումներ կատարել, որ ուղղություններով և այլն։ Միակ բանը, որ ունեն, «մեկին դեսը բոթե, մեկելին դենը բոթե» սկզբունքն է՝ դիմացինին «քցելը»՝ խաբելը, կողոպտելը, գողանալը, կուտակելը, սեփական ազդեցության տարածքն ընդլայնելը, տարածվելը, հզորանալը, մյուսներին ահաբեկելը, սեփական թիկնազորի բանակը մեծացնելը և այլն։ Այս ամենն իհարկե արվում է սեփական գերդաստանը ընդլայնելու, սեփական տեսակը բազմացնելու, աշխարհով մեկ լցնելու և բացարձակ տիրապետության հասնելու բնազդային մղումով։ Թքած, թե այդ ընթացքում կկոտորվեն սեփական ազգակիցները և կկտրվի նրանց տեսակը։ Միայն թե փող լինի, հետևաբար՝ հնարավորություն բազմացնել սեփակա՛ն տեսակը։ Հայ փողատիրոջ համար հատկապես վտանգավոր են սեփական ազգակիցները, քանի որ նրանք ամենամրցունակն են և, եթե հնարավորություն ստանան, ապա կարող են նույն անողոքությամբ դաշտ մտնել ու խեղդել, սովի մատնել ու կոտորել բոլորին։ Այսինքն անել այն ինչ արվում է նրանց հետ։ Վախենալով կեղեքվածների վրեժխնդրությունից և սեփական տեսակի բազմացման գլխին կախված պոտենցիալ ու ռեալ վտանգից, հայ փողատերերը հատկապես դաժան են սեփական ազգակիցների հանդեպ։ Միևնուն ժամանակ ախորժակով համագործակցում են օտարազգիների հետ, անգամ՝ թշնամիների։

Հետևաբար, կարիք չկա զարմանալ մեզանում այլազգիների բազմությունների և նրանց թվաքանակի ահագնացող աճի վրա։ Էժան աշխատուժի անվան տակ, երկիր են բերվում այլազգիների նորանոր զանգվածներ։ Իշխանության են բերվում թշնամիներ, քանի որ սեփական տեսակի բազմացման ու տարածման բնազդային մոլուցքով տարված, կենդանի փողատերը բնազդային վախ ունի սեփական ազգակցից։ Շատ լավ գիտի, որ եթե իշխանության գա հարազատ ազգակիցը, ապա անմիջապես կկտրի հենց իր և իր նմանների գլուխը։ Զարմանալի չէ, հետևաբար, որ մեր երկրի իշխանական լծակների մոտ, անկախության օրվանից ի վեր, բերվել են այլազգի օտարներ։ Դա է պատճառը, որ մեր հանցագործ փողատերերը թույլ են տվել, անգամ ֆինանսավորել ու սատարել են այլազգիների իշխանությունը, ջերմ հարաբերությունների մեջ մտել նրանց հետ և այլն։

Ազգի ճակատագրով մտահոգված մտավորականությունը, հետևաբար, պետք է լավ հասկանա այն վտանգը, որն իրենցից ներկայացնում են հայ խուլիգարխները։ Դրանք ոչ միայն անընդունակ են խելացի ներդրումներ կատարել երկրի բարօրության համար, այլ նաև երբեք ոչինչ չեն զոհաբերի երկրի պաշտպանության համար։ Հետևաբար երկրի առաջին թշնամին դրանք են։

Նույն իրավիճակն է տիրում եկեղեցում։ Եկեղեցին իր առաջին օրվանից ամեն ինչ արել է հայկական տարրն ու պետականությունը վերացնելու համար։ Ոչնչացրել է գիրն ու գրականությունը, քանդել ճարտարապետությունը, փոխարենը մտցնելով օտարի կրոնը, լեզուն ու մշակույթը։ Հետագայում, տեսնելով, որ հայ մշակույթն անհնար է վերացնել օտարի մշակույթով, որ անհնար է այլ կերպ ստիպել հայերին մոռանալ սեփական մշակույթն ու ընդունել օտար կրոնը, եկեղեցին սկսեց հայ մշակույթի և արվեստի տարրեր ներմուծել իր մեջ և այդպիսով «հայկականանալ»։ Ցավոք եկեղեցու բոլոր ջանքերը տվել են իրենց արդյուքը՝ վերացել է հայկական պետականությունը, եկեղեցին դարձել է միանձնյա ու հիմնական իշխանություն երկրում, իրեն է ենթարկել ողջ հայությանն ու հավատացրել, թե միակ ազգային, անգամ միակ հայապահպան կառույցն է։ Սա է պատճառը, որ հայ մեծահարուստները և համայնքները իրենց ողջ հարստությունը կտակել են եկեղեցուն։ Չէ՞ որ հազար տարի շարունակ եկեղեցուց բացի ուրիշ կառույց չի եղել մեզանում։

Փաստորեն հայության հազարամյակների ողջ հարստությունը եկեղեցու մոտ է։ Եվ, ցավալիորեն, եկեղեցին խուլիգան փողատերերի պես, ո՛չ հեռանակարային ներդրումներ է կատարել հայ ժողովրդի կյանքում, ո՛չ էլ որևէ բան է նվիրաբերել երկրի պաշտպանության համար։ Դժբախտաբար ոչինչ չի փոխվել մեր անկախացում ստանալուց և մեր պետականությունը վերականգնելուց հետո։ Եկեղեցին դեռ շարունակում է ոչ մի ներդրում չկատարել երկրի զարգացումն ապահովելու ուղղությամբ, ոչ մի զոհաբերություն չի կատարել բարելավելու երկրի պաշտպանությունը։ Անգամ հիմա՝ երկրի համար օրհասական պահին, երբ վերջին պատերազմում երկիրը կորցրել է իր բանակի մի հսկա մաս ու համարյա ողջ սպառազինությունը, եկեղեցին չի էլ մտածում ձեռքը գրպանը տանել։ Ավելին՝ եթե անգամ ազգի մտավորականությունը երկրի ու ամբողջ ժողովրդի համար այս օրհասական պահին եկեղեցուն դիմի, ազգին տրամադրել դարեր շարունակ նրան պահ տված մեր հայ մեծահարուստների և ժողովրդի գումարները, երկրի բանակը վերազինելու և համալրելու համար, ապա եկեղեցին, անկասկած, կմերժի։ Ոչ մի կոպեկ չի տա։     

Կործանարար է, երբ ժողովրդի ամբողջ հարստությունն ու փողը անխելք սրիկաների մոտ է։ Ո՛չ գիտեն ինչի վրա է պետք ծախսել, ո՛չ էլ ուզում են լսել նրան, ով գիտի, ո՛չ կարողանում են ներդնել երկրի պաշտպանության համար, ո՛չ էլ ուզում են լսել նրան, ով կարող է, ո՛չ հասկանում են, որ երկրի հետ միաժամանակ կործանվելու են նաև իրենք ու կորցնեն իրենց փողերը, ո՛չ էլ ուզում են լսել, երբ փորձում ես բացատրել։

իսկապես փակուղու առաջ ենք ազգովի։ Եվ դրա ամբողջ մեղավորը եկեղեցին է՝ միանձնյա իշխանության մոլուցքով, դավել ու սպանել է մեր արքաներին, զրկել ժողովրդին ու երկիրը պետականությունից, ներծծելով որոշ հայկական ծեսեր, արվեստ, ավանդոյթներ ու մշակույթ, մարդկանց մոլորեցնել է, թե իբր միակ հայապահպան կառույցն է, ընդունել և իր տնօրինության տակ է պահում ազգային հարստություններն ու փողը և ոչ մի ազգային ծրագիր չի ֆինանսավորել, ոչ մի աղքատի կամ համայնքի չի օգնել։ Ավելին՝ չի էլ մտածում, գոնե սեփական կաշին փրկելու համար, գումարներ տրամադրել երկրի պաշտպանունակությունը վերականգնելու և բանակը վերազինելու համար։ Եկեղեցին ավելի շատ հիշեցնում է թշնամու կողմից ստեղծված և ազգային ձևացող մի կազմակերպություն, որի նպատակն է հավաքել և կուլ տալ երկրի մեծահարուստների և հասարակ ժողովրդի գումարներն ու սառեցնել դրանք, կաթվածահար անելով երկիրը որքան հնարավոր է։

Լուծումը ո՞րն է, կհարցնի ընթերցողը։ Լուծումներ շատ կան։ Կատարող չկա։ Բոլորն էլ վախենում են եկեղեցուց, այն նույնացնելով Աստծո հետ, և ոչ մի քայլ չեն ուզում ձեռնարկել եկեղեցու դեմ։ Հայ մտավորականությունը առաջին խաբվածն է եղել և առաջին ոչխարների խումբը։ նրան հետևել է և դեռ հետևում է հասարակ ժողովուրդը։

Եթե գտնվեն համարձակներ անհատներ, ապա կարելի էր հանդիպել եկեղեցու կաթողիկոս կոչված գլխավորի հետ և բացատրել, որ երկիրը կործանման եզրին է, որ անհրաժեշտ է ամրացնել բանակը, այլապես թշնամին ներս կմտնի ու կկոտորի բոլորին, եկեղեցու բոլոր սպասավորներին ներառյալ, և կկողոպտի եկեղեցու ողջ հարստությունը։ Պետք է նաև բացատրել նրան, որ այդ ամենից խուսափելու համար եկեղեցին պետք է վերադարձնի ժողովրդի կողմից իրեն պահ տրված գումարի կեսը, ինչու չէ նաև ամբողջ գումարը, եթե կա դրա անհրաժեշտություը, երկիրը փրկելու և երկրի հետ միասին փրկվելու համար։ Պետք է հասկացնել , որ եկեղեցին բիզնես չէ և չէր կարող գումարներ ունենալ, որ այդ գումարները հայ ժողովրդի և արդյունաբերող կամ առևտրական վերնախավի ջանքերով ստեղծված գումարներն են և պատկանում են հայ ժողովրդին։ Պետք է նաև հասկացնել, որ թշնամություն է հավաքել, կուտակել ու պահել փողը մանավանդ այն դեպքում, երբ, պատկերավոր ասած, մահամերձ հիվանդը օդի պես դրա կարիքն ունի, հատկապես որ դա հենց հիվանդի փողն է։

Համագործակցությունից եկեղեցու հարաժարումի դեպքում էլ կարելի է մարդկանց ստվար զանգվածներով շրջափակել եկեղեցին, գուցե օրերով կամ շաբաթներով, մինչև կաթողիկոսը համաձայնվի բացել գանձարանի դռները։ Որպեսզի ժողովուրդը ստվար զանգվածներ կազմի և շրջափակի Էջմիածնի վանքը, պետք է նախ համակարգող խորհուրդ ձևավորել։ Հետո պետք է տարածել և հնարավորինս լայն զանգվածներին հասցնել ողջ  ճշմարտությունը եկեղեցու և երկրի օրհասական վիճակի մասին։ Պետք է նաև լայն զանգվածներին հասկացնել, որ եկեղեցու գումարները ժողովրդին են պատկանում, ոչ թե վանականներին, կամ կաթողիկոսին, բացատրելով, որ եթե ինչ-որ կերպ կարելի է արդարացնել հայ խուլիգարխների ձեռքում գտնվող գումարների հանդեպ նրանց սեփականության իրավունքը, թեկուզ նրանով, որ գոնե դրա մի մասը առաջացել է այդ անձանց տնտեսական գործունեության հետևանքով, ապա եկեղեցու գումարները որևէ տնտեսական գործունեության արդյունք չեն և ամբողջովին պատկանում են միայն ժողովրդին։

Միջոցներ շատ կան։ 

©Դավիթ Միրզոյան. 04 Հունվար, 2023թ.

No comments:

Post a Comment