Friday, May 19, 2023

«ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

 «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Իմ «Վերածնունդ» վեպի երկրորդ հատորում, որն ըստ էության առաջինի շարունակությունն է, մի լայնածավալ անդրադարձ ունեմ «մտավորականությանը», Համայն Հայոց Արքայի և «մտավորականության» ներկայացուցիչների խմբի միջև երկխոսության տեսքով։ Սակայն որքան էլ ասվի, խոսվի այդ մասին, միևնույն է, սպառիչ կերպով դժվար է ներկայացնել այն ամբողջ վնասը, որ հասցրել է հայ «մտավորականությունը» հայ ժողովրդին։ Ամեն օր ու ամեն քայլափոխի մի նոր ավերածության ես հանդիպում, քանի որ չկա մի ոլորտ, որ խեղված չլինի հայ «մտավորականության» գործունեության և անգործության, հատկապես սխալների, վատ օրինակի ու փչացածության պատճառով։

Օրերս աչքովս ընկավ Սամվել Կարապետյանի հարցազրույցներից մեկը, ավելի ճիշտ՝ մի հատված, որտեղ նա խոսում է հայրենաճանաչության մասին, մասնավորապես նշելով, որ հայրենաճանաչության պակասն է պատճառը և՛ մեր արտագաղթի, և՛ մեր երկրի հանդեպ մեր համատարած անտարբերության և այլն։ Հատվածը սկսվում է նրանով, որ Սամվել Կարապետյանը խոստովանում է, որ չի հասկանում մեր բոլոր ազգային արատների պատճառը, բայց այնուամենայնիվ եզրակացնում է, որ շան գլուխը հայրենաճանաչության պակասի մեջ է, շեշտելով, որ մենք չենք ճանաչում մեր հայրենի բնաշխարհն ու անցյալի մեր ճարտարապետության կոթողները, ընդհանրապես՝ մեր իրեղեն հուշարձանները։ Օրինակ է բերում, որ Արցախի բնաշխարհի և հուշարձանների վերաբերյալ իր մի դասախոսությունից տպավորված, ուսանողներից մեկը անձնվիրաբար մասնակցել է արցախյան պատերազմին, և տարիներ հետո պահատաբար, փողոցում հանդիպել է իրեն ու ասել այդ մասին։ Վերջում Սամվել Կարապետյանը եզրակացնում է, որ ճիշտ է իր բացահայտումներում՝ որ հայրենաճանաչության պակասից է և՛ մեր արտագաղթը և՛ մեր երկրի հանդեպ մեր համատարած անտարբերության, հատկապես տիրոջ ու սրտացավ վերաբերմունքի բացակայությունը։

Այստեղ ստիպված եմ նկատել, որ օտար երկրներում հայտնվելով, նույն՝ Հայաստանից արտագաղթած և իրենց երկրի հանդեպ անտարբեր ու տիրոջ վերաբերմունք չունեցող հայերը, դառնում են սրտացավ, երբեմն էլ տիրոջ վերաբերմունք են ունենում իրենց հյուրընկալ երկրների հանդեպ, օրինակ՝ դառնում են Ֆրանսիայի և ֆրանսիական արժեքների կրող և «պատրիոտ», կամ Միացյալ Նահանգների, անգամ Ռուսաստանի և այլն։ Պատկերավոր ասած՝ դառնում են ֆրասիացուց ավելի ֆրանսիացի, ամերիկացուց ավելի ամերիկացի, ռուսից ավելի ռուս և այն։ Ուրեմն խնդիրը մեր հայրենաճանաչության պակասը չէ, ինչպես Սամվել Կարապետյանն է պնդում։ Կա միանգամայն այլ պատճառ։ 

Ափսոս ինձ չհաջողվեց հանդիպել նրան իր կյանքի օրոք, քննարկել այս խնդիրը և փորձել ներկայացնել իմ բացահայտումը։ Սամվել Կարապետյանը և իր հետ միասին բոլոր «մտավորականները», տարված իրենց նեղ մասնագիտական ոլորտներով, միմյանց գլխի հավաքված, դեռ շարունակում են աղաղակել միայն իրենց բացահայտումների մասին՝ ուրիշ ոչ մեկի չլսելով, և ուրիշներին լսելի դառնալու մոլուցքով։ Դժբախտաբար, սեփական բացահայտումների մասին, ականջները զմրսած, աղաղակելը ամբողջ հայության անբուժելի հիվանդությունն է, որն էլ հենց խանգարում է մեզ ազգովի որևէ առաջընթաց ունենալ։ Ժողովրդին մեղադրելու ոչ մի ակնարկ չեմ անում։ Մեղավորը «մտավորականությունն» է։ «Մտավորականությունն» է իր միմյանց չլսելու, հիվանդագին ինքնահավանության ու ցուցամոլության իր վատ օրինակով վարակել ամբողջ ազգին։

Ինքնահավանությունն ու ցուցամոլությունը մեր «մտավորականության» միակ արատները չեն։ Մեր «մտավորականությունը» գոռոզ է ու գավառամիտ, տգետ ու սահմանափակ, չունի դիմացինին լսելու որևէ ցանկություն և ունակություն, քաղքենի է և անուղեղ։ Մեր «մտավորականությունը» նաև ստրկամիտ է, անգյալ ու վախկոտ։ Միանգամից քծնում է ցանկացած նոր իշխանավորի և իշխանության, ծառայում նրան, ժողովրդին լրիվ աչքաթող արած։ Ազգի գլուխը լինելու և առաջնորդի իր դերը կատարելու փոխարեն, ժողովրդին ինքնահոսի է մատնում, անգամ փչացնում։ Հետո էլ սկսում է վատաբանել, մեղադրել, միաժամաանակ պահանջներ ներկայացնել, նրա վրա դնելով երկրի ճակատագրի ողջ պատասխանատվությունը։ Սրիկայություն։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է ծագում, զարգանում ու տարածվում կոռուպցիան, այլասերվածությունը և այլն։

Երբ մտավորականությունը գլուխ է պահում, մնացածն էլ զբաղվում են թալանով, ապա երկիրը սկսում են ղեկավարել դեղնակտուցները։

Հայ «մտավորականները» երբեք չեն հասկացել, թե որն է մեր ազգային բոլոր խնդիրների պատճառը։ Նրանք անգամ մեր խնդիրների ճշգրիտ դիտարկում և դասակարգում չեն արել։ Սահմանափակվել են ժողովրդի հասցեին միայն սուր որակումներ հնչեցնելով ու ամոթանքի տարափի ենթարկելով նրան։ Ընդ որում, այդ «մտավորականների» հնչեցրած որակումներն ամենևին էլ համապարփակ չեն, հաճախ էլ սխալ են, մեծամասամբ թերի և անհիմն։ Որևէ որակում հնչեցնելուց հետո, մեր ոչ մի «մտավորական» երբեք հիմնավոր վերլուծություն չի կատարել։ Լավագույն դեպքում մի քանի պատճառ է նշել ու սահմանափակվել դրանով, անկարող լինելով, հիմնականում չցանկանալով որևէ լուծում գտնել։

Օրինակ՝ նշածս հարցազրույցի հատվածում, մեր երկրի հանդեպ մեր ժողովրդի «բնիկ չլինելու» Սամվել Կարապետյանի հնչեցրած որակումը միանգամայն սխալ է։ Մեր ժողովուրդը ոչ թե «բնիկ չլինելու», այլ գաղթականի սինդրոմ ունի։ Գաղթականի սինդրոմի մասին հատուկ հոդված ունեմ, որտեղ մանրամասն նկարագրել եմ դրա էությունն ու պատճառները։ «Վերածնունդ» վեպիս երկրորդ հատորում ևս մանրամասն բացատրել եմ սեփական երկրի հանդեպ մեր սեփականատիրոջ զգացումի բացակայության պատճառներն ու պատմությունը։ Եթե կարճ՝ ապա դարեր շարունակ օտարի (պարսկական և ռուսական (սովետական շրջանը ներառյալ) լծի տակ ապրելով, մեր ժողովրդի մոտ աստիճանաբար մարել է սեփական երկրի հանդեպ սեփականատիրոջ զգացումը։ Գտնվելով օտարի զինված ուժերի պաշտպանության տակ, հարկ վճարելով օտարին և ենթարկվելով օտարի սահմանած օրենքներին, մեր ժողովուրդը, չունենալով որևէ իրավունք և առաջնորդություն, հետևաբար խարխափելով անորոշության խավարում, վերածվել է գաղթականի։ Չէ՞որ գաղթականն է իրավազուրկ, վստահություն չունի վաղվա օրվա հանդեպ, անդադար տագնապի մեջ է՝ չգիտի վաղն ի՞նչ կբերի իր գլխին, որևէ լավ. բան կբերի՞, թե՞ ոչ։ Այսինքն հայ շինականը շարունակաբար վստահ չի եղել, որ կկարողանա կերակրել ու պաշտպանել իրեն ու իր ընտանիքը։ Իր սեփական երկրում անորոշ ու անպաշտպան ապրելով, նրա մոտ ձևավորվել է այնպիսի հոգեբանություն, ինչպիսին ունի գաղթականը։ Գաղթականը հաստատ չգիտի, թե որտեղ կհայտնվի վաղը, արդյո՞ք կկարողանա ապրուստի միջոց հայթայթել իր նոր վայրում, թե՞ ոչ։ Հետևաբար՝ գաղթականն ամեն ինչ անում է իր գտնվելու վայրից քամելու և կլանելու այնքան, որքան հնարավոր է, միանգամայն չմտահոգվելով, որ գուցե իր կլանելով վնաս է պատճառում բնությանը կամ անվերադարձ աղտոտում այն աղբյուրը, որից խմելու հնարավորություն ունի այսօր։ Այսինքն՝ գաղթականի մոտ կա իր գտնվելու վայրի հանդեպ տոտալ անտարբերություն։ Նույնը նկատվում է հայ շինականի մոտ ներկայումս։ Հայ շինականը պատրաստ է կլպել, քաղաք բերել ու վաճառել այն ամենն, ինչ աչքը տեսնում է, միանգամայն չմտահոգվելով, որ մյուս տարի գուցեև ծիլ չտա իր կլպած տարածքը։ Սեփական երկրի հանդեպ անտարբերության, կամ ավելի ճիշտ՝ գաղթականի հոգեբանությունը շարունակվել ու սաստկացել է հատկապես անկախացում ստանալուց հետո, երբ երկրի ղեկավարները օտարի պես թալանում էին երկիրը, ժողովրդին էլ դարձրել էին իրավազուրկ ու մատնել կապիտալիզմի դաժան մրցավազքին։ Դաժան մրցավազքի մատնված, կողոպտվող ու իրավազուրկ ժողովրդի մոտ անխուսափելիորեն պիտի առաջանար անպաշտպանության, հետևաբար վտանգի, տագնապի և ապագայի հանդեպ անորոշության, անգամ կործանման անխուսապելիության զգացում։ Այսինքն՝ այնպիսի զգացում, ինչպիսին ունի գաղթականը։ Եթե հաշվի առնենք Մեծ Եղեռնի ահռելի հարվածը՝ գաղթի ճանապարհին մեր տատերի ու պապերի հոգեբանության մեջ խորը հետք թողած գաղթականի դրոշմը, ապա պատկերն ավելի կամբողջանա։ 

Իսկ, ընդհանրապես, մեր բոլոր դժբախտությունների պատճառը ազգային ուսմունքի բացակայությունն է։ Եթե գոնե լիներ մեր ազգային ուսմունքը, այդ ուսմունքի կրող դասի՝ մտավորականության, հետ միասին, ապա գաղթականի հոգեբանությունից ձերբազատվելը դժվար չէր լինի։ Դժբախտաբար՝ մեր «մտավորականությունը» այս մասին ոչինչ չի կռահելել, ոչինչ չի հասկացել, չի էլ կարողացել բացահայտել գոնե մեր շարունակական արտագաղթի պատճառը։ Միայն ժողովրդին է մեղադրել դրանում։ Այնինչ, հենց «մտավորականությունն» է ողջ մեղավորը՝ որ գլխի դեր չի կատարել, այլ միայն բերանի։ Չի պահպանել ու առաջնորդել, այլ միայն անօգուտ բարբաջել է  ու կլանել ժողովրդի ստեղծած նյութական բարիքները։ Կլանել է ու միևնույն ժողովրդից երկրպագություն պահանջել։ Պահանջել է, ստացել, բավարարվել ու հետո անպաշտպան թողել ժողովրդին ու դավաճանել։ «Մտավորականությունը», համատարած կոռուպցիան ու թալանչիներին պախարակելու փոխարեն, ծառայել է նրանց իր ստամոքսի և ոչ միայն ստամոքսի համար։

Սամվել Կարապետյանի դեմ անձնական ոչինչ չունեմ։ Մարդը իր համոզմունքներով է առաջնորդվել, և չեմ կարծում, որ իրեն մտավորական է համարել։ Որոշ ճշմարիտ դիտարկումներ ունի, հատկապես եկեղեցու մասին, բայց ընդհանուր առմամբ բախտորոշ բացահայտումներ և լուծումներ չունի։ Երբ մի քանի տարի առաջ փորձեցի կապվել իր հետ, ներկայացնելով գաղափարներս, մերժեց, ասելով թե նման բաներով չի զբաղվում։ Ամեն դեպքում՝ հայրենաճանաչությունը սարերը, ձորերն ու անցյալի ճարտարապետությունը չեն, չնայած՝ այդ ամենից բխում է մեր նախնյաց ոգին։ Հայրենաճանաչությունը մեր հայրերի ազգային ուսմունքի իմացությունն է։ Միշտ եմ ասել, որ ազգն ինքն իրեն կարող է ճանաչել միայն այն ուսմունքով, որով ապրել են իր նախնիները։ Այդ ուսմունքը բխում է մեր գենետիկ կոդից։ Մեր գրքերը կարող են վառել, բայց քանի դեռ կա մեր գենետիկ կոդը, ապա կա նաև մեր ազգային ուսմունքը։ Շատերը բավարար ուժ ու կարողություն չեն ունեցել բացահայտելու ոչ միայն մեր ազգային ուսմունքը, այլև դրա գոյության հնարավորությունը։ Բարեբախտաբար ուժեղ ու կատարյալ գենետիկ կոդ ունեցող անհատներ չեն կարող չլինել։ Մեր բոլոր խնդիրների լուծման բանալին մեր ազգային ուսմունքն է։ Եվ հենց այդ ուսմունքը բացահայտած անհատները գիտեն, թե ինչպես կիրառել այդ բանալին և ինչպես լուծել բոլոր խնդիրները։ 

©Դավիթ Միրզոյան. 20 Ապրիլ 2023թ.

No comments:

Post a Comment