Friday, May 19, 2023

ԱՐՔԱՆ

 ԱՐՔԱՆ

Ինձ աճախ ասում են, թե երկրի կառավարումը ստանձնելու համար պետք է արժանանալ ժողովրդի վստահությանը և այլն, ակնարկելով, իհարկե, որ իմ գահ բարձրանալը ժողովրդի ընտրության հարցն է, այսինքն՝ ժողովո՛ւրդը պետք է ընտրի Արքային։ Այլ կերպ ասած, ինձ փորձում են հասկացնել, որ մի քիչ քծնեմ ժողովրդին, շահեմ նրա սիրտը, նրա բարյացկամ վերաբերմունքը, խոստումներ տամ ժողովրդին, գովեմ նրան, հաճոյանամ և նման այլ բաներ։

Ես էլ համառորեն բացատրում եմ, որ իմ գահ բարձրանալը ժողովրդի կողմից հանրաքվեանման ընտրությունների միջոցով  չի կարող լինել։  Բազմիցս բացատրել եմ և ապացուցել, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարելու ընդունակ չէ։ Եթե լիներ, ապա մինչ այժմ մշտապես սխալված չէր լինի։ Ժողովուրդն ընդհանրապես առաջնորդվում է նեղ անձնական շահերով, եսակենտրոն է, ալարկոտ, հանցամիտ ու հանցապաշտ, խոնարհվում է ուժի առաջ, փշրանքներ կլանչում հզորներից ու գլուխ պահում։ Հետևաբար հակված է իշխանական լծակների մոտ բերել փողատեր ոհմակներին և նրանց, ովքեր ճոխ-ճոխ խոստումներ են տալիս։ Ժողովուրդը քծնում է գազան փողատերերին և նրանց է բերում իշխանության, որովհետև նրանց սեղանների փշրանքներից օգտվելու հույսեր ունի։ Ժողովուրդն ընդհանրապես ոչինչ չի հասկանում ու չի գնահատում արդարությունը, իմաստնությունը և այլն։ Նրա չափորոշիչներն այլ են։

Հետևաբար ժողովուրդը չի կարող և չպիտի որոշի միապետությո՞ւն պետք է լինի թե՞ դեմոկրատիա։ Աշխարհի իմաստունները մշտապես դեմ են եղել դեմոկրատիային, այն հիմնավորումով, որ «ժողովրդի մեծամասնության կարծիքը ոչ մի արժեք չունի, քանի որ ժողովրդի մեծամասնությունը հիմարներ են» ( Էդգար Պո)։

Էդգար Պոն միանգամայն ճիշտ է։ Նույն գաղափարը ունեցել է Սոկրատեսը դեռ այն ժամանակ, երբ նոր էր առաջացել դեմոկրատիան։ Նա քննադատում էր այդ կառավարման համակարգն ու իր ժամանակի իշխանավորներին, որոնք կոռումպացված բախտախնդիրներ էին և անպատասխանատու վախկոտներ։ Քվերակության միջոցով որոշումներ ընդունելը  պատասխանատվությունից անհատապես խուսափելու միջոց է։ Ի հակադրություն՝ միանձնյա որոշում ընդունելը հսկայական պատասխանատվություն է ենթադրում։ Սա չի նշանակում, թե միապետը նեղ մասնագետների կարիքը չունի այս կամ այն տնտեսական, ռազմական կամ արտաքին հարաբերությունների խնդիրներ լուծելիս։ Ամշուշտ ունի, մանավանդ ներկայիս բարդ ու խճողված տնտեսական և քաղաքական հարաբերությունների պայմաններում։ Սակայն պետք է հասկանալ, որ Արքայի գործը ոչ թե նեղ մասնագիտական խնդիրների լուծումն է, այլ ուսմունքային խնդիրների, որոնցից են հիմնականում արժեքները, նաև ազգի անելիքներն ու նպատակները, ընդհուպ մինչև գերնպատակը։ Իսկ այս ամենը կարող է անել միայն առաքինի ուսմունքի կրողը։ Առաքինի ուսմունքը գրքերում չէ, այլ գենետիկ կոդում։ Արքան նա է, ում գենետիկ կոդում առկա է ուսմունքը, ով տարբերում է ճիշտը սխալից, լավը վատից և ունակ է անաչառ կերպով դատ իրականացնել։ Չէ՞ որ Արքան իր ազգի գերագույն դատավորն է և ուսուցիչը։

Դառնալով նրա «ընտրության» հարցին, ապա առաքինի ուսմունքից ոչինչ չհասկացող ժողովուրդը չի կարող ճանաչել այդ ուսմունքը կրողին։ Հետևաբար չի կարող և իրավունք չունի ըննտրություն կատարել։ Արքայի անձի խնդիրը շատ վաղուց վճռված է, իր ծննդից ի վեր, անգամ դրանից առաջ։ Ժողովուրդը պարզապես պետք է թոթափի իր գոռոզությունն ու ամբարտավանությունը և ընդունի ու գահ բարձրացնի Արքային։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ միապետությունը վերականգնելը ի՛ր օգտի համար է, ոչ թե Արքայի։ Երկիր կառավարելը անշնորհակալ և տաժանակիր աշխատանք է։ Խոսքը արդարությամբ կառավարելու մասին է, մանավանդ երբ մշտապես առկա է հանցամիտ ու հանցապաշտ, եսապաշտ ու գլուխ պահող ժողովրդի դիմադրությունը, Արքայի համախոհների ու զինակիցների սակավությունը, հատկապես, երբ նրանցից շատերը իրենց նախապաշարումների և նախկին ինդոկտրինացիայի պատճառով դեռ անկարող են լինելու հասկանալ Արքայի որոշումները։

Ուրեմն, ինչպես ասացի, Արքայի անձի խնդիրը վաղուց որոշված է։ Իսկ թե ինչպես հասկացնել ժողովրդին, որ ընդունի Արքային, ապա ասել եմ մի քանի անգամ։ Ժողովրդին բացատրեք, որ Արքան նա է, ով կազմել է ազգային ուսմունքը Արարչական օրենքների տեսքով, ով գրել է իր երկրի ազգային սահմանադրությունը «Հայաստանի թագավորության ազգային սահմանադրության» տեսքով, այսինքն դրել է իր ապագա երկրի հիմնաքարը, ով գրել է իր ապագա երկիրն ու Համայն Հայոց Արքայի կերպարը ներկայացնող «Վերածնունդ» վեպը (արդեն երկու հարորով), և դեռ շարունակում է գրել ընթացիկ և արժեհամակարգային կարևորագույն խնդիրներ պարզաբանող ուսումնասիրություններ ու հոդվածներ։ Ժողովուրդը վերջապես պետք է սովորի հարգել և ընդունել իր առաջնորդներին։

Կլինեն շատերը, ովքեր Արքայի ծագումնաբանության, այսինքն փաստաթղթի հարց առաջ կքաշեն։ Դրանց բացատրեք, որ  արքայական ծագումը թղթով չի որոշվում։ Հիշեցրեք, որ այդ խնդիրը ևս պարզաբանել եմ, նշելով հատկապես, որ ի տարբերություն ինձ, ով 88-ից ի վեր զբաղված է եղել ազգային խնդիրների, հատկապես ազգային խորը ճգնաժամի արմատները բացահայտելով, մյուս բոլորը ոչինչ չեն արել այդ ուղղությամբ, այլ զբաղված են եղել գլուխ պահելով, լավագույն դեպքում տնտեսական գործունեությամբ, եթե չասենք փող սարքելով ու հարստանալով։

©Դավիթ Միրզոյան. 12 Հունվար, 2023թ.

No comments:

Post a Comment