Friday, May 19, 2023

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ կամ, ավելի ճիշտ՝ ՏԱԿԱՆՔԸ

 ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ կամ, ավելի ճիշտ՝ ՏԱԿԱՆՔԸ

Տեղակատվական պատերազմներում մեր պարտության մեղավորը լրագրողներն են և ողջ լրատվական ու մշակութային դաշտը։ Բայց մեծագույն թշնամին մեր փողատեր խուլիգարխներն են, որոնք էլ հենց ֆինանսավորում են լրատվական դաշտը. առաջին հերթին հեռուստատեսությունը, ռադիոն, տպագիր մամուլը. էլ  չեմ ասում կուսակցությունների, հեղափոխությունների, թիկնապահների զինված բանդաներ պահելու, սատարողների բանակներ ֆինանսավորելու, համացանցային ֆեյք էջեր գործարկելու և վարելու գործով զբաղվող ջոկատների մասին և այլն։

Ներկայումս հատկապես լրատվական դաշտը տեղեկատվական պատետազմի ամենակարևոր ասպարեզներից մեկն է։ Պակաս ազդեցիկ չեն նաև մշակութային դաշտը, գիտության դաշտը, գաղափարական, կրթական և այլ դաշտեր, բայց լրատավական դաշտը ամենաազդեցիկն է։ Այդ դաշտում և այդ դաշտի գործիքակազմով են մշակում հասարակության լայն զանգվածների ուղեղներն ու ձևավորում, այսպես կոչված՝ հասարակական կարծիք։

Ինչպես շատերիդ է հայտնի, հասարակությանը հնարավոր է ուղղորդել հիմնականում հասրակական կարծիքի ձևավորման ճանապարհով։ Հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը։ Դարեր ու հազարամյակներ շարունակ իշխող դասը, օգտագործելով կերպարվեստի, գրականության և, ընդհանրապես, լրատվության բոլոր մյուս հնարավորությունները, հենց այդպես էլ կառավարել է զանգվածներին։ Հին աշխարհի արվեստը կոչում են «պալատական արվեստ»։ Դա բաղկացած է հենց այն արվեստի գործերից, որոնք ստեղծվել են պալատական կամ քրմական իշխող դասի պատվերով, ժողովրդի լայն զանգվածների ուղեղները մշակելու և նրանց մոտ իշխող դասի գերակայության պատրանք ստեղծելու նպատակով։ Նույն միջոցը շարունակաբար գործածել են բոլոր իշխանավորներն ու կայսրերը, ընդհուպ մինչև նացիստական Գերմանիայի և Սովետական Միութան իշխանությունները։ Ոչինչ չփոխվեց Սովետական Միության տրոհումից հետո։ Բոլոր անկախացած երկրները կա՛մ վերածվեցին բռնապետական սուլթանությունների, կա՛մ, ինչպես մեր երկրի դեպքում եղավ, երկրի մեծ սուլթանին ծառայող մանր սուլթանիկների համակարգի։ Դրանք մեր «հարազատ» խուլիգան օլիգարխներն էին և դեռ են։ Ինչո՞ւ խուլիգան։ Որովհետև ծնվել են կեղտոտ փողոցում, դարձել փողոցային խուլիգաններ։ Հետո, կողոպտելով ու գողանալով, նախնական կապիտալ կուտակել, իսկ անկախացումից հետո, մտել տնտեսական դաշտ և տխրահռչակ «վաուչերների» շուկայում իրենց մեքենայությունների միջոցով հափշտակել երկրի դեռ տեղ-տեղ պահպանված ձեռնարկությունները, ավելի հարստացել ու մտել նաև քաղաքական դաշտ։ Դրանից հետո արդեն ավելի՛ մեծ թափով տարածվել ու միմյանց հետ մրցակցության մեջ մտած, ավելի ճիշտ՝ միմյանց կոկորդի իրենց ժանիքները խրած, գրավել ու գրավում են շուկայի նորանոր տարածքներ։ Ինչևէ... քարն՝ իրենց խուլիգարխ գլուխը։ Տնտեսությունը մոնոպոլացնելուց հետո, եթե գոնե երկրի համար անհրաժեշտ արտադրություններ սկսեին, կամ գոնե փոքրիշատե տանելի պայմաններ ապահովեին իրենց աշխատողների համար, երկիրը չվերածեին օտար զբոսաշրջիկների որկրամոլությունն ու սեռաքաղցը բավարարող հյուրանոցների ու ռեստորանների երկրի, գուցեև այդքան էլ վատ չլիներ։ Բայց էս սրիկաները համագործակցում են թշնամու հետ՝ չստուգված սննդամթերք ներմուծում ու վաճառում հայ ազգաբնակչությանը, առանց դույզն անգամ մտածելու, որ գուցե թունավոր սննդամթերք են ներմուծում ու փչացնում սեփական ազգակիցների առողջությունը։ Այսինքն, ի՞նչ եմ զարմանում... հանցագործին ի՞նչ ուղեղ... հանցագործը ե՞րբ է հայրենիք ունեցել։ Սակայն՝ ամեն ինչ բացատրելի է։ Եթե երկրի ղեկավարությունն է հանցագործ և մարդասպան եղել, ինչպե՞ս կարելի էր այլ բան ակնկալել մինի-սուլթանիկներից։    

Այժմ ևս պատկերը շատ բանով չի փոխվել։ Թեկուզև իշխանության գլուխ է «ժողովրդավար» իշխանական կազմ, և կարծես դադարեցվել է կոռուպցիան, իշխանավորների կամայականությունները և այլն, սակայն մինի-սուլթանիկները դեռ կան։ Կան նաև նախկին իշխանավորներն ու նրանց համակիրներն ու կուսակիցները, իրենց ողջ կողոպուտը գրկած ու նստած։ Ասենք՝ շատերն երևի արդեն դուրս են հանել իրենց կողոպտածի մեծ մասը և իրենց երեխաներին էլ փախցրել երկրից։

Գանք ամենակարևորին՝ հասարակական կարծիքի ձևավորմանը, ավելի ճիշտ ուղեղների լվացմանն ու ժողովրդի ուշադրությունը շեղելուն։ Այդ ամենը դեռ շարունակվում է նույն թափով։ Ոչինչ չի փոխվել լրատվական դաշտում, որովհետև բոլոր լրատվամիջոցները՝ հեռուստաալիքներ, ռադիոկայաններ, տպագիր մամուլ, կինո, թատրոն և այլն դեռ գտնվում են նույն մարդկանց ձեռքում (եթե դրանց կարելի է մարդ անվանել)։

Հեուսաալիքներով դեռ ցուցադրվում են նույն այլանդակ ու կիսագողական սերիալները, քարոզվում հանցագործ ու կիսահանցագործ մշակույթ, հարցազրույցների են հրավիրվում իշխանամետ, կամ մինի-սուլթանիկամետ քարոզիչներ, մեկնաբաններ ու վերլուծաբաններ։ Լավագույն դեպքում՝ լրատվական լայն հարթակը տրամադրվում է կասկածելի էքստասեքսների, պայծառատեսքների, աստղաբանդների, երաժիշտ-աստղագետների, մշակութագետների, էպոսագետների, հեքիաթագետ-աստվածաբանների, ֆիզիկոս-հայագետների, լեզվագետ-ծագումնագետների, բուսաբուժ-ինժեներների և այլն։ Շատ հետևողականորեն հեռուստահարթակների տնօրենները, լրագրողներն ու հաղորդաշարերի հեղինակները անտեսում են ազգի մտավորականների խոսքն ու անձը։ Ինչպե՞ս կարելի է տեղ տալ նրան, ով կարող է իր գաղափարներով ու առաջարկներով ջարդուփշուր անել այդքան «խնամքով» ձևավորված հասարակական կարծիքն այն մասին, որ դեմոկրատիան մարդկության բարձրագույն նվաճումն է, կապիտալիզմը նույն շուկայական տնտեսությունն է և հետևաբար տնտեսության միակ շարժիչ ուժը, ներկա ու նախկին իշխանավորներն էլ ժողովրդավարական սկզբունքներով ընտրված նվիրյալներ և այլն։ Բաց թողնենք դրանց կաղաքական նկրտումների խնդիրը։ Դա սովորական գզվռտոց է ցանկացած «դեմոկրատական» հասարակությունում։ Բաց թողնենք նաև այն, որ կիսատեղեկացված վերլուծություններ են մատուցվում ժողովրդին։ Երբ էլ որ միջազգային իրավունքի մասնագետներ են հրավիրվում հարցազրույցի, մի ինչ-որ առեղծվածային ճանապարհով մեղադրանքներն ու բողոքները ուղղվում են ամեն կողմ բացի իսկական թիրախը, բայց ամենակարևորը՝ չի ներկայացվում թիրախի իրական բնույթը։ Ովքեր էլ որ «համարձակ» կերպով հայհոյանքներ են հնչեցնում, ապա դրանք բոլորը ուղղված են իշխանավորների անձին, այլ ոչ թե դրանց ողջ ոհմակի ծագումնաբավությանն ու ծրագրերին։

Մեր լրատվական դաշտը և լրագրողները ծառայում են մեկ նպատակի՝ ցնցադեպային նյութերով աղմուկ բարձրացնել ու խճողել մարդկանց միտքն ու պատկերացումները իրականության վերաբերյալ։ Մի՞թե այդքան դժվար էր որևէ լրագրողի համար գոնե ուշադրություն դարձնել հայ մտավորականությանը, բացահայտել գոնե գրականության մեջ նոր խոսք ասած մեկին։ Ոչինչ որ նորելուկ դեղնակտուց համալսարանավարտները չեն տարբերում լավը վատից, կարևորն անկարևորից, ճիշտը սխալից։ Բայց գոնե հենց մասնագիտության բերումով պիտի որ արձագանքեին մշակութային դաշտի ցանկացած նորության, նոր հեղինակի իհայտ գալուն, այն էլ հայ գրականության մեջ շատ վաղուց անտեսված՝ վեպի ժանրում, մանավանդ որ այդ վեպը անցյալի մասին չէ, ինչպես միշտ է եղել հայ գարականության մեջ, այլ ապագայի։ Պատկերացնո՞ւմ եք՝ ապագայի մասին գրական երկ։ Ուշադրություն՝ ոչ թե պատմվածք, այլ վեպ։ Այն էլ երկու հատորով՝ յոթ հարյուր էջ ընդհանուր ծավալով։ Կամ մի՞թե հնարավոր էր չնկատել սահմանադրական միապետության գաղափարի և ազգային սահմանադրության ծնունդը։ Դեռ ոչինչ, որ աննկատ են մնում հրապարակախոսական հոդվածներ ակնարկներ, աֆորիզմներ։ Էլ չեմ խոսում համացանցային գրառումների մասին։ հիմա, ով ասես, գրում-մրում է։ Անգամ քառյակներ ու բանաստեղծություններ են գրում ու հրապարակում առանց որևէ սահմանափակման և այլն։

Բանն այն է, որ հասարակական կարծիքի ձևավորումը խստագույնս վերահսկվում է։ եվ դա անում է մեր փողատեր խուլիգարխիան։ Որտեղի՞ց դրանց այդքան խելք, կհարցնեք։ Եթե փող ունես, ապա կարեի է խեղք ևս գնել, մանավանդ երբ խելք տվողները սոված են։ Մի «յաչեյկա» ձվի համար սեփական արժանապատվությունը վաճառող ազգը, խելքն ի՞նչ է, որ չվաճառի։

հանցագործները հարստացել, մարդ են դառել, խելք են գնել ու ստվերում են պահում առաջադեմ ու արժեքավոր ամեն գաղափար նաև՝ գաղափարակրի, իհարկե։ Չէ՞որ գաղափարն ու գաղափարակիրը նաբաժան ամբողջություն են։ Իրեն բանիմաց համարող համացանցահայությունն էլ դեռ այնքան բանիմաց չէ, որ հասկանա իրեն մատուցվող գաղափարի արժեքը։ Ոմանք էլ, եթե անգամ կռահում են, գոռոզությունից ու նախանձից սև տապանաքար են դնում առաջնորդող ազգային գաղափարի վրա, որ հանկարծ չերևա իրենց ցածրակարգությունը։ «Նապոլեոնի վաստակների» հսկա զանգվածը մեր «մշտադալար» դժբախտությունն է։

©Դավիթ Միրզոյան. 18 Ապրիլ 2023թ.

No comments:

Post a Comment