Friday, May 19, 2023

ԿԱՐՄԱ

 ԿԱՐՄԱ

Հանրահայտ փաստ է, որ երեխան դեռ մոր արգանդում ենթարկվում է մոր, և՛ բարերար, և՛ վնասակար, հույզերի ազդեցությանը։ Իսկ չէ՞ որ մոր հույզերը արտաքին միջավայրի ազդեցության հետևանքն են։ Այսինքն՝ եթե անբարենպաստ արտաքին միջավայրը չլիներ, ապա մայրը վնասակար հույզեր չէր ունենա։ Երեխան էլ կզարգանար անվնաս։ Հետևաբար՝ անբարենպաստ միջավայրում ծնված ու մեծացած երեխաները վնասվում են նախքան ծնվելը և հետագայում էլ ենթարկվում անբարենպաստ միջավայրի ռմբակոծություններին ու ավելի խեղվում։ Շատերն են նկատել, որ փչացած հասարակության ծոցում ծնված ու մեծացած սերունդները չեն կարող փչացած չլինել։ Շատ հազվադեպ են բացառություններ պատահում։ Եվ հենց այդ բացառություններն են ամենազորեղ գենետիկ կոդի կրողներն ու ազգի առաջնորդները։ Ինչևէ...


Նորություն չի լինի, եթե ասեմ, որ երեխան նախքան ծնվելը շատ խոցելի է։ Խոցելի է նաև ծնվելուց հետո շատ երկար ժամանակ, գուցե մինչև չափահաս դառնալը, անգամ դրանից հետո։ Ու հենց սրանով է բացատրվում անփառունակ «կարմա»-ի երևույթը։ Կարման խորհրդավոր, անբացատրելի կամ միստիկ ինչ-որ բան չէ։ Այն մարդու գենետիկ կոդի, նաև էպիգենետիկ փոփոխությունների վիբրացիան է, հետևանքն ու դրսևորումը, որն իհարկե մարդը ժառանգել է իր նախորդներից ու իր նախորդների ստեղծած միջավայրում։ 


Պարզված է, որ երեխայի հոգևոր, կամային, աշխարհճանաչողական, նաև արժեհամակարգային որակները ձևավորվում են մինչև նրա 5 կամ 6 տարեկան դառնալը։ Դրանից հետո ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։ Մարդը միայն հմտություններ է ձեռք բերում՝ հեռախոսից օգտվել, մեքենա վարել և այլն։ Լավագույն դեպքում ձեռք է բերում նաև տարբեր գիտելիքներ, կուտակում տարբեր սովորություններ, բայց մնում է նույն մարդը։ Սա է պատճառը, որ, օրինակ՝ գյուղում ծնված ու մեծացած մարդը իրավունք չունի երկիր ղեկավարել։ Բանն այն է, որ գյուղում ծնված ու մեծացած մարդը իր հորական տան տնամերձից այն կողմ ոչինչ չի տեսել՝ միայն սարեր, ձորեր, խոտ ու կով։ Գյուղում ծնվածի աշխարհընկալումը շատ սահմանափակ է։ Նա միայն իր շահի, իր գրպանի մասին է մտածում։ Պատահական չէ, որ մեր երկրի բոլոր ղեկավարները հենց դա են արել ու անում։ Գուցե գենետիկ առումով նրանք վատը չեն, էպիգենետիկ վնասակար փոփոխություներ էլ չունեն, բայց նրանց ուղեղի դիապազոնը մի տնամերձ տարածում ունի, արժեքներն էլ եսակենտրոն են, նյութապաշտ ու նախանձ։ Քաղաք գալուց հետո, որքան էլ գիրք կարդա, միևնույն է, գյուղացու ուղեղը չի լցվի, կամ ավելի ճիշտ՝ արժեհամակարգը չի մեծանա այնքան, որ նա կարողանա անձնական շահը ստորադասել երկրի, ազգի ընդհանուր շահին։ Մինչև մահ գյուղացին իր անձնականի մասին ավելի շատ է մտահոգվելու, քան երկրի բարորության, էլ չեմ ասում մոլորակի մասին։ Երբ շատերը կարդում են իմ կազմած սահմանադրության նախաբանի կետերը՝ մեր ազգի նպատակների շարադրանքը, հատկապես վերջին կետը՝ մոլորակը բարեփոխելու մասին, ապա ոչինչ չեն հասկանում։ Դա այնքան հեռու, հեռավոր, ուտոպիական, անգամ՝ ցնդած մի գաղափար է թվում նրանց, որ իրար են նայում, ապուշ կտրած, ու գուցե ծիծաղում։ Լավ է, որ դեռ չեմ գրել ամբողջ տիեզերքը բարեփոխելու մասին։ Ինչևէ...


Մարդու անձնական կարմայի մասին վերը ասվածը վերաբերում է նաև ազգի ընդհանուր կարմային։ Անբարենպաստ միջավայրում իր գոյությունը քարշ տվող ազգը խեղված կարմա ունի։ Գազանացած ու խեղված հոգեկան, խեղված աշխարհընկալում, խեղված արժեքներ, խեղված կամային որակներ ունեցող ազգը չի կարող ոտքի կանգնել (բոլոր խեղվածությունները չթվեմ. այդ մասին հատուկ հոդվածներ եմ հրապարակել)։ Նման ազգը միայն ավելի է խորացնելու իր դժբախտ վիճակը։ Մեր թշնամիները սա շատ լավ գիտեն և շատ չեն անհանգստանում։ Անցյալում հաջողացրել են ներս մտնել, իրենց վատ օրինակով կոռուպցիայի բացիլը բաց թողնել մեր մեջ ու սկսել են փչացնել մեր ազգին։ Դրանից հետո արդեն անհնար է եղել կասեցնել բացիլի տարածումը, մանավանդ որ մեր թշնամիները նախօրոք վերացրել էին մեր իմունիտետը՝ մեր ազգային ուսմունքը։ Առանց ազգային ուսմունքի՝ առանց իմունիտետի, անհնար է արմատախիլ անել կոռուպցիան, ապաքինվել և ոտքի կանգնել։


Ցավալիորեն, մեր մտավորականությունը երբեք չի հասկացել այս ամենը։ Մեր մտավորականությունը ոչ մի գաղափար չի էլ ունեցել ազգային ուսմունքի մասին, անգամ նրա հնարավոր գոյության մասին։ Չի էլ նկատել, որ ուրիշ ազգեր ունեն ազգային ուսմունք, իսկ մեր ազգը չունի։ Գուցե շատ մեղադրելու չէ, որ զգային ուզմունք՝ իմունիտետ, չունեցող ազգը չէր կարող հասկանալ, որ իմունիտետ չունի։ Բայց ազգի մտավորականը պարտավոր էր, մանավանդ որ իր ազգի հետ միասին ապրում էր իմունիտետ ունեցող ազգերի հարևանությամբ, ավելի ճիշտ՝ գերիշխանության տակ, այն էլ՝ դարեր շարունակ։ Ինչևէ... 


Խաչատուր Աբովյանն առաջինն էր, ով տեսավ իր ժողովրդի ողբալի վիճակն ու փորձեց ոտքի հանել նրան, իր անցյալի հերոսների վարքն ու հերոսությունները մոռացությունից հետ բերելու և ժողովրդին ներկայացնելու ճանապարհով։ Նրան հետևեցին մյուսները։ Բայց քսաներորդ դարի ողբերգական իրադարձությունները կասեցրին նրա սկսած գործն ու թույլ չտվեցին հայ մտավորականներին առաջ գնալ ու հանգել ազգային ուսմունքի մտքին։ Սովետական տարիներն ավելի խորը բանտեցին հայ ազգի միտքը, և մինչև հիմա ազգովի խորը կաթվածահար վիճակում ենք գտնվում։ Ազգայնական գաղափարներից հեռու դեռ ոչ ոք չի գնացել։ Հայ ազգասերները, լավագույն դեպքում, շարունակում են Աբովյանի սկսած գործը «այսինչ երևելին հայ է, այնինչ պատվելին հայ է» ճանապարհով։


Իհարկե, ունեցել ենք տաղանդավոր բանաստեղծներ ու գրողներ, սակայան ոչ մեկի մտքով չի անցել ազգային ուսմունքի գոյության հնարավորությունը։ Բոլորը դեռ շարունակում են բացահայտել այս կամ այն ազգին ծառայություններ մատուցած հայ երևելիներին։ Ոմանք էլ գրքեր են կազմում, տպագրում ու տարածում։


Այն մտավորականությունը, որը ազգային ուսմունքի մտքին չի հասել, չի կարող ընդհանրապես մտավորականություն համարվել։ Նման մտավորականությունը, հետևաբար, չէր էլ կարող լուծել մեր ազգային ճգնաժամի խնդիրը, որովհետև ինչպես միշտ եմ ասել, մեր ազգի խորը ճգնաժամի պատճառը ազգային ուսմունքի բացակայությունն է։ Մեծագույն ցավն այն է, սակայն, որ հայ մտավորականությունը, ավելի ճիշտ իրեն բանիմաց համարող շերտը (քանի որ մտավորականություն երբեք չի եղել), դեռ շարունակում է աղաղակել՝«մենք՝ հայերս, քիչ ենք բայց մեզ հայ են ասում» և այլն ու իր հետևից փակուղի տանել ամբողջ ազգին։


Մեր մտավորականությունը չի հասկացել ու դեռ չի հասկանում ազգային ուսմունքի՝ ազգի իմունիտետի, անհրաժեշտությունը, անգամ քարկոծում է նրան,ով բացահայտել է այդ ամենն ու փորձում է ներկայացնել։ Փաստորեն, ստացվում է, որ հայ ազգի դժբախտությունը հենց հայ մտավորականությունն է, կամ գուցե ասենք՝ մտավորականության բացակայությունը։ Դա ավելի ճիշտ կլինի։ Որոշ մտածողներ, արվեստագետներ, գիտնականներ, իհարկե, եղել են, սկայն մտավորական չի եղել։ Եղել են նաև ազգանվեր անհատներ, ովքեր իրենց կյանքը չեն խնայել ազգի ֆիզիկական գոյությունը պաշտպանելու ու պահպանելու համար, սակայն մտավորականներ մեր ազգը չի ունեցել։ Թերևս միայն Հովհաննես Թումանյանն ու Անդրանիկ Օզանյանն են իսկապես մտորել ու փորձել փոխել ազգի ճակատագիրը՝ կարման։ Մնացածը միայն տարբեր աստիճանի արվեստագետներ ու գիտնականներ են եղել, լավագույն դեպքում բանաստեղծներ ու գրողներ, որոնք հիմնականում փայլատակել են իրենց տաղանդով ու բարեկեցիկ կյանքի ձգտել, կա՛մ ժողովրդի, կա՛մ պետության հաշվին, որը դարձյալ ժողովրդի հաշվին է իրականում։


Փաստորեն, մեր «մտավորականությունը» միայն տզրուկի պես ծծել է ժողովրդի արյունն ու մահվան հասցրել նրան։ Մահվան հասցնելը դեռ քիչ էր՝ ընթացքում էլ փչացրել է իր քաղքենիությամբ ու դափնեպսակներ, ամենաքիչը՝ ծափահարություններ ու ծաղիկներ, կամ գոնե ճանաչում ստանալու մոլուցքով, կամ ժամանակակից լեզվով ասած՝ «լայք»-ահավաք գործունեությամբ։ Մեր ժողովրդի մեծագույն թշնամին «մտավորականությունն» է եղել։ Հենց այդ գեղո քաղքենիների պատճառով է, որ ժողովուրդը հանձնվել է եկեղեցու և օտար մշակույթների ռմբակոծությանը, մնացել անուսմունք, փչացել, գազանացել, գգիտացել ու գոռոզացել։ Այդ ինքնահավան ու վախկոտ քաղքենիների պատճառով ժողովրդի մեջ տարածում գտավ հանցամտությունը, հանցագործությունն ու կոռուպցիան։ Եվ այժմ, երբ երկիրն արդեն կործանվել է, «մտավորականությունը» չկա։ Մի մասը փախել է արտասահման, մյուս մասն էլ շարունակում է գլուխ պահել ցանկացած իշխանության պայմաններում։ Փաստորեն՝ ազգին գլխավորելու փոխարեն, «մտավորականությունը» զբաղված է եղել միայն հոշոտելով ազգի մշակույթը (բազմիցս եմ բացատրել, որ մշակույթը ֆոլկլորը չէ), նաև ազգի իսկական առաջնորդներին՝ ազգի գլուխներին։ Մենք ունեցել ենք միայն գլխակեր ու մշակութակեր «մտավորականություն»։


Բոլոր հայ «մտավորականները» հիմնականում գյուղացի են եղել։ Հետևաբար, եթե անգամ պոեզիա կամ գրականություն են ստեղծել, համազգային մակադակի չէր կարող լինել նրանց որևէ ստեղծագործություն. էլ չեմ ասում՝ համամարդկային մակարդակի։ Մեր արվեստը, չնչին ու հատ ու կենտ բացառությունները չհաշված, լավագույն դեպքում համազգայինից այն կողմ չի անցել, իսկ հիմնականում եղել է գավառական։ Թումանյանը սահմանափակվել է Լոռվա բնությամբ ու կենցաղով, Շիրազը Մասիս սարով, Սևակն էլ, լավագույն դեպքում, Եղեռնի ողբով, իսկ հիմնականում հայ պոետները սահմանափակվել են անձնական հույզերն ու սիրային, եթե չասենք սեռական, նկրտումները հրապարակ հանելով։


Սեփական, ազգային ուսմունք չունենալու հետևանքը եղել է այն, որ մեծամասամբ ընդօրինակել, կրկնօրինակել ու կապկել ենք օտարինը, հիմնականում օտարի ստորակարգն ու այլանդակը՝ մոդեռնիզմն ու պոստմոդեռնիզմը, քանի որ ավելի բարձրի ընդունակ չենք եղել ու դեռ չենք։ Խոսքս իրեն արվեստագետ, բանիմաց ու տաղանդավոր համարող զանգվածի մասին է։ Ժողովուրդը պսեվդոմտավորականության զոհն է միայն։


©Դավիթ Միրզոյան. 14 Ապրիլ, 2023թ

No comments:

Post a Comment